Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում աղջիկների համար 1 տարով բարձրացվելու է ամուսնական տարիքը։ Այն հասցվելու է 18-ի։ Այս մասին հայտարարել է Միլլի մեջլիսի (խորհրդարան) սոցիալական կոմիտեի նախագահ Խադի Ռաջաբլին։
Վերջինս նշել է, որ Ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ ցայժմ աղջիկների ամուսնական տարիքը եղել է 17, որը վերածվելու է 18-ի։ Այս նախագիծն այժմ հանձնվել է խորհրդարանի դիտարկմանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտեն հրապարակել էր վաղ տարիքում ամուսնացած ադրբեջանուհիների տվյալները, ըստ որոնց՝ այդպիսի կանանց 39 տոկոսը բնակվում է քաղաքներում, իսկ 61 տոկոսը` գյուղերում:
Մինչև 18 տարին բոլորելն ամուսնացած կանանց 37 տոկոսն այդ քայլին գնացել է սեփական ցանկությամբ, 26 տոկոսը` ծնողների ճնշմամբ, 11 տոկոսը` ընտանեկան ծանր նյութական դրության պատճառով, 8 տոկոսը` հաշվարկային նպատակներով, 6 տոկոսը` «առևանգման» արդյունքում, 2 տոկոսը` հղիության պատճառով, իսկ մնացած 10 տոկոսը` այլ պատճառներով:
Վաղ տարիքում ամուսնացած կանանց ամուսինների 3 տոկոսի տարիքը տատանվել է 18-19-ի միջև, 69 տոկոսինը` 20-24-ի միջև, 26 տոկոսինը` 25-29-ի միջև, 2 տոկոսինը՝ 30-ից բարձր:
Ամուսնական տարիքի շուրջ անցկացվել էր նաև հարցախույզ, որի մասնակիցների կեսը նշել էր, որ աղջիկները պետք է ամուսնանան 20-24 տարեկան հասակում, 41 տոկոսը` 18-19 տարեկան հասակում, իսկ 6 տոկոսը` 18 տարեկան հասակում:
Միևնույն ժամանակ, հարցախույզի մասնակիցների 68 տոկոսը համամիտ է եղել այն կարծիքին, որ վաղ տարիքում ամուսնությունը վնաս է պատճառում կանանց առողջությանը:











































