Համաշխարհային 2 խոշորագույն վճարման համակարգերը՝ Visa-ն և Mastercard-ը որոշել են նոր բիզնես սկսել: Կազմակերպությունները ցանկանում են գովազդային գործակալություններին վաճառել իրենց բանկային քարտերով վճարումներ կատարած հաճախորդների գնումների պատմությունը: The Wall Street Journal պարբերականը գրում է, որ դա պետք է որ մեծապես բարձացնի համացանցում նպատակային գովազդի արդյունավետությունը:
Փորձագետները կարծում են, որ այդ նորարարությունը իսկական հեղափոխություն կառաջացնի գովազդի աշխարհում, քանի որ այն հնարավորություն կտա ներգրավել մարդկանց վիրտուալ գործունեությունը` իրական կյանքում իրենց նախասիրություններով:
Ըստ պարբերականի՝ այժմ Visa-ն և Mastercard-ը մշակում են իրենց հաճախորդների գնումների միասնական բազայի ստեղծման հնարավոր տարբերակները:
Պարբերականին մոտ կանգնած աղբյուրի համաձայն` համակարգը գործելու է հետևյալ կերպ. օրինակ՝ ֆասթֆուդի ցանցում քարտով վճարում իրականացրած հաճախորդին կառաջարկվի նիհարելու միջոցների գովազդ, ընդ որում՝ նախքան որոշակի ապրանք առաջարկելը, տեխնոլոգիան թույլ կտա պարզել` արդյոք հաճախորդը նախկինում դա օգտագործե՞լ է, թե՞ ոչ:
Թերթը գրում է, որ այս պահին համացանցում նպատակային գովազդը հիմնվում է օգտատերերի որոնողական հարցումների վրա և կապ չունի իրական կյանքում նրանց պահանջների հետ: «Դու այն ես, ինչ գնում ես»,- ասում են MasterCard-ի ներկայացուցիչները:
Համակարգի ստեղծման ժամանակ կազմակերպությունը խոստանում է հատուկ ուշադրություն դարձնել գաղտնիության խնդիրներին: Մասնավորապես, MasterCard-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ գնորդների պատմության բազայի մեջ չեն ներառվի հաճախորդների անունները և հասցեները: Սակայն այս դեպքում հարց է առաջանում, թե ինչպես պետք է գովազդատուները իմանան` համացանցի օգտատերերից ում է պատկանում այս կամ այն գնումը:








































