«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ասել և հիմա էլ ասում է, որ մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն առողջ ծրագրերի շուրջ, որոնք միտված կլինեն մեր երկրի առաջընթացին, կայունությանը, խաղաղությանն ու զարգացմանը, անկախ նրանից` ովքեր կներկայացնեն այդ ծրագրերը` Հանրապետակա՞նը, Հայ ազգային կոնգրե՞սը, «Ժառանգությո՞ւնը», թե՞ ՀՅԴ-ն»,- «Առաջին լրատվաիկան»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե ՀԱԿ-ը կարող է համագործակցել «Բարգավաճ Հայաստան»-ի հետ, եթե այս ուժը փորձի «խզել անցյալի հետ իր կապերը» և պատրաստ լինի «պայքարի ելնել ռեժիմի դեմ»:
Պատգամավորը միաժամանակ չցանկացավ մեկնաբանել Զուրաբյանի հայտարարության երկրորդ` ԲՀԿ-ի` «անցյալի հետ կապերը խզելու» և «ռեժիմի դեմ պայքարի ելնելու» հատվածը: «Շատ կարևոր եմ համարում դեռ 2009 թվականի փետրվարի 12-ին մեր կուսակցության համագումարի ընդունած հայտարարությունը, որտեղ մենք ասել ենք, որ մեր երկրին անհրաժեշտ է փոխըմբռնման և հանդուրժողականության մթնոլորտ, որ մեր երկրին անհրաժեշտ է բոլոր առողջ ուժերի կարծիքը լսելու մթնոլորտի ձևավորում»,- նկատեց պատգամավորը` կրկին ընդգծելով, որ ԲՀԿ-ն պատրաստ է լսել երկրի առաջընթացին նպաստող բոլոր դրական ծրագրերի շուրջ տեսակետերը:
Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, խոսելով ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին, նշել էր. «Դա կախված է նրանց կեցվածքից. եթե նրանք քայլեր անեն, որոնք ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ, անցյալի հետ փորձում են խզել իրենց կապերը և գիտակցել են, որ այս ռեժիմը վտանգավոր է Հայաստանի պետականության գոյության համար, պատրաստ են գոնե քաղաքականապես աջակցել ռեժիմի դեմ այս համաժողովրդական շարժմանը՝ այո, ինչո՞ւ չէ»:









































