Հայ գրահրատարակչության 500-ամյակին նվիրված «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինարը տեղի կունենա հոկտեմբերի 24-28-ը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում: Սեմինարն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:
Այսօր Մատենադարանի նոր գիտական մասնաշենքում սեմինարի մանրամասները լրագրողներին ներկայացրեց սեմինարի ղեկավար Արա Խզմալյանը` նշելով, որ այսպիսի նախաձեռնություն առաջին անգամ է իրականացվում հայ իրականության մեջ: Նա նաև տեղեկացրեց, որ սեմինարն անցկացվում է միաժամանակ մի քանի բաժանմունքներում: «Ուշադրությունը երբեք այսքան մեծ չի եղել ձեռագիր և տպագիր ժառանգության նկատմամբ, որոնք ենթակա են կորստյան, մաշվածության: Սա փայլուն հնարավորություն է՝ խոսելու ենթադրվող լուծումների մասին»,- ասաց նա: Սեմինարի ղեկավարի խոսքով` միջոցառման օրակարգում նաև մշակութային ծրագրեր կլինեն: Կազմակերպիչները նաև մտադիր են հյուրերին ներկայացնել Մատենադարանի ֆոնդերի ցուցահանդեսը։
«Մենք պետք է պատշաճ կերպով ներկայացնենք մեր մշակութային հարստությունների` համամարդկային նշանակություն ունեցող հավաքածուն»,- նշեց Ա. Խզմալյանը:










































