Հայաստանի հասարակական-քաղաքական միտքը հիմնականում կենտրոնացել է, աշխատում է, թերևս, ոչ այն ուղղությամբ, ինչ պետք է:
Խոսքն այն մասին է, որ այդ միտքը հիմնականում կենտրոնացած է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի անցուդարձի վրա, սևեռված է այդ գործընթացի տարբեր հանգրվանների վրա, դրանց է սպասում անհամբեր և թեթևացած շունչ է քաշում, երբ անցնում է հերթականն, ու ոչինչ չի պարտադրվում Հայաստանին կամ Ղարաբաղյանն: Մեր հասարակական-քաղաքական միտքն աշխատում է հիմնականում այդ ռեժիմով, մինչդեռ բուն խնդիրը, թերևս, այլ տեղ է:
Բանն այն է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ներկայումս արտահայտում են համաշխարհային այլ նոր գործընթացները, որոնք տեղի են ունենում առավել գլոբալ ռազմավարական իմաստով: Այսինքն` Ղարաբաղյան հակամարտությունը կրում է հենց դրանց ազդեցությունը, հետևաբար այդ հարցում ճիշտ կողմնորոշվելու համար հարկավոր է քիչ թե շատ համարժեք կողմնորոշում ունենալ համաշխարհային գլոբալ պրոցեսների առումով: Ահա այդ խնդիրն է կարծես, որ խանգարում է Հայաստանի հասարակական-քաղաքական մտքի իրավիճակային համարժեքությանը` թե՛ իշխանության, թե՛ քաղաքական և հասարակական մյուս շրջանակների առումով: Կասկած չկա, որ համաշխարհային գլոբալ գործընթացներին տիրապետելը բավական դժվար և գրեթե անհնարին գործ է: Դա, թերևս, անհատների «առաքինությունն» է, այն էլ գուցե այդպիսիք Հայաստանում էլ չկան, կամ եթե կան, ապա գործընթացին տիրապետում են ավելի շատ ինտուիտիվ, քան ինֆորմատիվ հիմքով, կամ հավասարաչափ` ինֆորմատիվ իրողությունը լրացնող ինտուիտիվ գործոնի շնորհիվ:
Սակայն եթե գոնե այդօրինակ հիմքով համարժեքությունը բացակայում է, ապա բացարձակապես անիմաստ է դառնում Ղարաբաղյան հարցի վրա կենտրոնացումը, քանի որ դա նշանակում է վազել պրոցեսների հետևից, այսինքն` բացարձակապես ազդեցություն չունենալ դրանց վրա և անել այն, ինչ կթելադրվի դրսից` չունենալով չանելու ելք: Ազդեցություն ունենալու համար հարկավոր է համարժեք պատկերացում ունենալ գլոբալ ֆոնի մասին, որպեսզի հնարավոր լինի դերակատարություն ստանձնել այդ ֆոնի որևէ հատվածում տեղի ունեցող պրոցեսներում, ինչպիսին Ղարաբաղյան հարցն է, հատկապես այժմ: Ընդ որում, գլոբալ ֆոնի մասին պատկերացումը պետք չէ համարել այդ ֆոնի մասին ինֆորմացվածության հոմանիշ: Կարելի է չունենալ լիարժեք ինֆորմացիա, բայց ընկալել միտումներն ու թիրախները, տարբերակել ռազմավարական և մարտավարական մոտեցումներն և հնարքները: Համենայնդեպս, Հայաստանի հասարակական-քաղաքական դասի համար սա գլխավոր առաջնահերթությունը պետք լինի, առանց որի մենք հայտնվելու ենք մի ցիկլի մեջ, երբ պարբերաբար ականատեսն ենք դառնալու կա՛մ դիվանագիտական կիսատությունների, ինչպիսին օրինակ` հայ-թուրքական գործընթաց կոչվածն է, կա՛մ էլ պարզապես դիվանագիտական խայթոցների, որպիսիք տեղի են ունենում տարատեսակ դրվագների, հոլովակների, կազմակերպական և արարողակարգային նրբությունների տեսքով:
Կարծես թե ակնհայտ է, որ իշխանությունը չունի գլոբալ գործընթացների մեջ խորամուխ լինելու, ռազմավարությունը մարտավարությունից զատելու, համաշխարհային միտումները լիարժեք ընկալելու ցանկություն: Իշխանությանը, թերևս, թվում է, որ մինչ ինքը զբաղվի այդ ընդգրկուն խնդրի դիտարկմամբ, կարող է տեղային խնդիրներում անհաջողության մատնվել, ուշադրությունը, զգոնությունը թուլացնել և զիջել: Արդյունքը կամ ավելի շուտ հետևանքը լինում է այն, որ ուշադրությունը սևեռելով տեղային, լոկալ գործընթացների վրա` իշխանությունը դրանք ընկալում է ամբողջական համատեքստից դուրս, հանդես է բերում ոչ համարժեք պահվածք, ինչի հետևանքը լինում է այն, որ կարողանում է քիչ թե շատ լուծել իշխանության դիրքի պահպանման հետ կապված իր մարտավարական խնդիրները, սակայն բացարձակապես չի կարողանում սպասարկել հայկական պետության ռազմավարական շահը:
Խնդիրը ծանր է այն առումով, որ որոշակի նրբերանգային տարբերությամբ հանդերձ, այդուամենայնիվ, նույն մտածողությունը կա նաև հասարակական-քաղաքական գրեթե ամբողջ դաշտում: Այսինքն` գրեթե ամբողջ դաշտը պատրաստ է վազել հետևանքի հետևից` պարզապես հույս ունենալով, որ ասենք` մեկն ավելի արագ կարող է վազել, քան վազում է, ենթադրենք, իշխանությունը կամ մյուս քաղաքական ուժը, կամ մյուս հասարակական-քաղաքական շերտը: Մինչդեռ ֆունդամենտալ ընկալման տեսակետից, ինչպես իշխանության, այնպես էլ գրեթե հասարակական-քաղաքական ամբողջ դաշտի մոտ, եզակի բացառություններով հանդերձ, նկատելի չէ համաշխարհային գործընթացներն ընկալելու և խնդիրներին ընդառաջ գնալու ցանկությունն ու պատրաստակամությունը: Իշխանության պարագայում դրա բացակայությունը միանգամայն հասկանալի է: Դա պետք չէ, քանի որ չի նպաստում, չի ծառայում իշխանությունն ուժային և կուլիսային մեթոդներով պահելու քաղաքականությանը: Իսկ ի՞նչն է հասարակական-քաղաքական դաշտում այդ պատրաստակամության գլոբալ բացակայության պատճառը:









































