Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է ք. Երևանի, Սոսեի փ. 13 հասցեում գտնվող Երևանի ժամացույցների գործարան ԲԲԸ-ի վարչական շենքի վարձակալած տարածքում գործող, ապօրինի խաղատան Պոկեր ակումբ-ի գործունեությունը: ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման են ենթարկվել Պոկեր ակումբի կազմակերպիչ, Հովհաննես Կարապետի Ալեքսանյանը, ծնվ. 1968թ., ակումբի 3 դիլերներ, 1 մատուցող, և 9 այցելուներ /այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ/:
Պարզվել է, որ Հ. Ալեքսանյանի Պոկեր ակումբը գործել է ի խախտումն Շահումով խաղերի և խաղատների մասին ՀՀ օրենքի պահանջների /խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել միայն համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս/:
ՀՀ քրեական օրենսգրքի 188 /ապօրինի ձեռնարկատիրություն/ և 205 /հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախապատրաստվում են նյութեր` ՀՀ ԱԱԾ Քննչական վարչություն փոխանցելու համար:










































