«Ի վերջո, այդ զրույցները նախագահի այցի մասին են, ուրեմն բարձր մակարդակի ինչ-որ խնդիրներ կան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի Վրաստան հնարավոր այցի շուրջ ստեղծված խառնաշփոթին, կարծիք հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:
Նշենք, որ վրացական կողմը հայտարարել էր, թե նոյեմբերի առաջին կեսին նախատեսվում է Սերժ Սարգսյանի այցը Վրաստան, իսկ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը հայտարարել է, որ նոյեմբերի առաջին կեսին Սերժ Սարգսյանի արտասահմանյան այց նախատեսված չէ:
Մանվել Սարգսյանը նկատեց, որ շատ հնարավոր է, որ վրացական կողմը ընդամենը հայտարարել է նման այցի մասին և գուցե հայկական կողմից չի եղել հստակ պատասխան:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչքանո՞վ է նորմալ, որ նման բարձր մակարդակի այցերի շուրջ ստեղծվում է այսօրինակ անհասկանալի մթնոլորտ, Մ. Սարգսյանը պատասխանեց. «Նորմալ երկրներում նման բան չի լինում, բայց դե, մեզ մոտ շատ հնարավոր է: Հասարակ բան է, և սա մի մեծ խնդիր չէ, որ հայկական կողմը չի կարող պաշտոնապես պարզաբանել, թե արդյոք եղել է հրավեր, չի եղել»:
Իսկ թե արդյոք որևէ կապ կա՞ այս պատմության և Սերժ Սարգսյանի Ռուսաստան նախատեսված այցի միջև, Սարգսյանը պատասխանեց, որ այդ կապն էլ պետք չէ բացառել. «Ամեն ինչ էլ հնարավոր է, չէ՞ որ մեզ մոտ հարցերը տնավարի են լուծվում»:










































