«Մեր փորձագիտական եզրահանգումները՝ հունվար-սեպտեմբեր ամիսների հետ կապված, մեզ վստահություն են տալիս ասելու, որ կունենանք շուրջ 18 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Մենք այս տարի կունենանք շուրջ 600 հազար տուրիստական այցելություններ, և 18 տոկոս աճը պահպանելու պարագայում, որը լրիվ իրատեսական է, տարեվերջին կհատենք 800 հազարի սահմանագիծը, նախորդ տարվա 684 հազար այցելությունների դիմաց»,- ներկայացնելով զբոսաշրջության զարգացման տեմպերը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:
Հարցին, թե ինչ լուծում է առաջարկում էկոնոմիկայի նախարարությունն այն խնդրին, երբ զբոսաշրջային տարածքներում նաև հանքարդունահանմամբ են զբաղվում, Պետրոսյանը պատասխանեց, որ Հայաստանի նման երկիրը, որը չունի բնական շատ հարուստ պաշարներ, պետք է «բոլոր ճյուղերից ստանա մաքսիմում արդյունք»:
Նշենք, որ հարցը վերաբերում էր Սյունիքի մարզի Սվարանց գյուղին, որը գտնվում է Տաթև գյուղից 4 կմ հեռավորության վրա և ընդգրկված է Ազգային մրցունակության հիմնադրամի զարգացման ծրագրում: Այդ ամենի հետ մեկտեղ գյուղի մոտակայքում նախատեսվում է երկաթի հանքի շահագործում:
«Այսօր հանքեր կան շատ երկրներում, շատ լուրջ տուրիստական վայրերում: Ուղղակի պետք է պահպանել այն չափանիշները, որոնք անհրաժեշտ են էկոլոգիային չվնասելու համար: Այսօր անգամ տուրիզմ է իրականացվում հանքերում: Այսօր կա հանքարդյունաբերական տուրիզմ հասկացողությունը: Տուրիզմը և հանքարդյունաբերությունը համատեղելի են` հանքերում կան տուրիզմի ձևեր»,- որպես լուծման եղանակ նշեց Պետրոսյանը:
Նա նաև ավելացրեց, որ շատ են երկրները, որտեղ զարգանում է արդյունաբերական տուրիզմ կոչվածը: Փոխնախարարի խոսքերով՝ զբոսաշրջիկների համար հրապուրիչ են հին գործարանները, հաստոցները, ավելին` այդ գործարանների մի մասը դարձել է թանգարան, մի մասի տարածքներում էլ կառուցում են հյուրանոցներ:










































