Բրիտանացի հնագետները Շոտլանդիայի Արդնամուրխան թերակղզու վրա կատարված պեղումների ժամանակ հայտնաբերել են վիկինգների առաջնորդի մոտ 1000 տարվա գերեզման: Այս մասին հաղորդում է Guardian թերթը:
Վիկինգը թաղված է եղել նավակի մեջ, նրա կրծքին դրված է եղել վահան, իսկ կողքերին` թուր և նիզակ: Անցած հարյուրամյակների ընթացքում փայտե հինգ մետրանոց նավակը, ինչպես նաև վիկինգ առաջնորդի կմախքի ոսկորներն ամբողջովին փտել են:
«Այսպես թաղել են բարձր կարգավիճակ ունեցող մարդկանց: Նա կարող է առաջնորդ եղած լինել, կամ մարդ, ով հայտնի է եղել իր իմաստնությամբ: Նա միանշանակ եղել է կարկառուն անձնավորություն»,- ասել է Հաննա Կոբը՝ Մանչեսթերի համալսարանից:
Գլազգոյի համալսարանում վիկինգների մասնագետ Կոլին Բետին համարում է, որ գտնված նավակի ժամանակաշրջանը 10-րդ դարն է: Ըստ նրա՝ այն շատ փոքր է եղել, որպեսզի ճամփորդություն կատարեր Սկանդինավիա կամ Իռլանդիա: Սակայն այն իրերը, որոնք գտնվել են վիկինգի գերեզմանում խոսում են այն մասին, որ այդ մարդը շատ է ճամփորդել:








































