Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնին կմասնակցեն շուրջ 30 համաշխարհային ճանաչում ունեցող գործիչներ: Այս տարի փառատոնը նվիրված է ՀՀ անկախության 20-ամյակին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց փառատոնի տնօրեն, ՀՀ-ի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը:
«Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Լինելու է թատերականացված ներկայացում, այնուհետև պաշտոնական մաս՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Երևանում փառատոնը կշարունակվի 5, իսկ ՀՀ մարզերում` 40 օր»,- ասաց Ն. Մանուկյանը` ընդգծելով, որ փառատոնը կազմակերպվում է «Ռոլան Բիկով» հիմնադրամի կողմից՝ ՀՀ նախագահի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ըստ Մանուկյանի՝ այս տարի առաջին անգամ փառատոնի շրջանակում կիրականացվեն մի շարք մանկական ծրագրեր, որոնք հետագայում կդառնան ավանդական: Տեղեկացնենք, որ փառատոնի շրջանակում ներկայացված է 5 անվանակարգ և 12 մրցանակ: Փառատոնի հյուրերի ցանկում են Արմեն Մեդվեդևը, Բորիս Գրաչևսկին, Իգոր Վովնյանկոն, Ջասուր Իսակովը, Կոնստանտին Մուլին և այլոք: Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում:







































