ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ զինծառայող Գիլադ Շալիտի դիմաց Իսրայելի ազատ արձակած 477 պաղեստինցիներից 11-ը ժամանել են Թուրքիա։ Նրանք այն 42 պաղեստինցիներից են, որոնց արգելել են գտնվել Պաղեստինում և Իսրայելում։
Այդ 11 պաղեստինցիներն Անկարա են ժամանել Կահիրեից։ Դրանց թվում կա նաև մի կին։ Նրանցից 9-ը՝ «ՀԱՄԱՍ»-ի, իսկ 1-ը «ՖԱԹՀ»-ի անդամներ են։
Թուրքիայի ընդունած պաղեստինցիներից մեկն էլ «ՀԱՄԱՍ»-ի բարձրաստիճան ներկայացուցիչ, «Քասամի բրիգադներ» խմբավորման հիմնադիր Զեքերիա Վելիդ Աքլն է, որին Իսրայելը 16 անգամ դատապարտել է ցմահ ազատազրկման։ Նա իսրայելական բանտում էր գտնվում 1992 թվականից։
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել էր, թե Թուրքիայի վարչապետ Էրդողանն աջակցում է արմատական ահաբեկչությանը՝ դրա ներքո նկատի ունենալով «ՀԱՄԱՍ»-ին։








































