Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ երեկոյան Անկարայում ընդունել է Սիրիայի Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչներին։ Ընդ որում, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Դավութօղլուն հեռախոսազրույցի միջոցով Սիրիայում տիրող իրավիճակը քննարկել է Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նեբիլ Ալ-Արաբիի հետ։
Դավութօղլուն և սիրիացի ընդդիմադիրները քննարկել են Սիրիայում ժողովրդավարություն հաստատելուն առնչվող Ազգային անցումային խորհրդի պլանները։
Դավութօղլուն կարևորել է Սիրիայում ժողովրդավարական բարեփոխումների իրագործումը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը՝ ընդգծելով, որ Սիրիայի ապագան պետք է որոշի նրա ժողովուրդը։
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը թուրքական կողմին շարունակ մեղադրում է ԱՄՆ-ի խոսնակ լինելու, սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու մեջ՝ ընդգծելով, որ Թուրքիան 30 տարի շարունակ նոր Սահմանադրություն չի ընդունել, մինչդեռ Սիրիայից արմատական ժողովրդավարական բարեփոխումներ է ակնկալում 3 ամսում։











































