«Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի հիշատակին նվիրված արարողությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին Սթենֆորդի համալսարանում, ներկա կլինի Samsung Electronics ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Լի Չժե Էնը»,- հայտնում է Reuters գործակալությունը:
«Apple-ը մտադիր է անցկացնել հիշատակի փակ արարողություն՝ միայն հրավիրված անձանց մասնակցությամբ: Samsung-ի տնօրեն Լի Չժե Էնը պլանավորում է մասնակցել արարողությանը` այդ կերպ հարգելով Ջոբսի հիշատակը»,- հաղորդել է նշված աղբյուրը:
ԶԼՄ-ների փոխանցմամբ` արարողությունից հետո Լին առանձին հանդիպում կունենա Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքի հետ և կքննարկի երկկողմ համագործակցության հարցեր:
Հիշեցնենք, որ Apple և Samsung ընկերությունները ներգրավված են դատական քաշքշուկի մեջ՝ պլանշետային համակարգիչների վաճառքի պատճառով, և պայքարում են համաշխարհային շուկայում առաջինը լինելու համար: Apple-ը միաժամանակ համարվում է Samsung-ի խոշորագույն հաճախորդներից մեկը՝ որպես հիմնական հիշողության քարտերի և էկրանների գնորդ:









































