Հոկտեմբերի 14-18-ը Երևանում կանցկացվի «Արևորդի» բնապահպանական միջազգային փառատոնը, որը միակն է Հարավային Կովկասում: Այն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Այս տարի ստացվել է 100 ֆիլմի հայտ` 30 երկրից, ընտրվել է 70-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Խաչատրյանի խոսքով` այս տարի ևս կհանձնվեն մի շարք բնապահպանական մրցանակներ հետևյալ անվանակարգերում` «Լավագույն բնության անվանակարգ», «Լավագույն հետազոտություն` բնապահապանական խնդիրների»: Մրցանակ կհանձնվի նաև մինչև 16 տարեկան պատանիներին, ովքեր նկարահանել են բնապահպանական թեմաներով ֆիլմեր: Այս տարի փառատոնի բնապահպանական ֆիլմերի ժյուրիի կազմը կգլխավորի Ֆլո Սթոունը, ով Վաշինգտոնի ամենամյա բնապահպանական կինոփառատոնի հիմնադիր նախագահն է: Ժյուրին բաղկացած է 7 անդամներից, որից 2-ը հայ են` Ալիս Սավադյանը ու Էլեոնորա Գաբրիելյանը: Ժյուրիի կազմում են նաև էստոնացի լրագրող ու վավերագրող Թիիթ Մեսիլան ու վայրի բնության մասնագետ Ջոն Բարթոնը:
Փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում` Պատրիկ Ռուսելի 50 րոպեանոց «Կանաչ » ֆիլմով, որը աշխարհի տարբեր երկրներում բազմաթիվ մրցանակների է արժանացել:
Ռ. Խաչատրյանի խոսքով` ֆիլմի ցուցադրմանը կնախորդի դիմակահանդես-շքերթը, որի ժամանակ հարյուրից ավելի երեխաներ փողոցներ դուրս կգան իրենց պատրաստած դիմակներով: «Դա արվում է նրա համար, որ երեխաները ոգևորվեն ու ընկալեն, թե ինչ վտանգավոր նյութեր կան իրենց միջավայրում»,- նշեց փառատոնի տնօրենը:
Փառատոոնի բացման շրջանակում Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա երկժամանոց բացօթյա համերգ` «Բամբիռ» ռոք խմբի կատարմամբ:
Բացի այդ`«Արևորդի»-ի շրջանակում կանցկացվեն համաժողովներ, քննարկումներ, մշակութային միջոցառումներ:









































