«Հայ հասարակությունն է թույլ տվել ու հանդուրժել, որ ԵԽԽՎ-ն Հայաստանի մասով Մարտի 1-ի էջը փակող բանաձև ընդունի, մեր մեղավորությունն այս հարցում ակնհայտ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Ճիշտ է, հրեշը` ընտրակեղծումը, Հայաստանում ծնվել է դեռ 1995-ին, սակայն ԵԽԽՎ-ն այսօր էլ շարունակում է լծվել նույն այդ հրեշին վերազինելու գործին: Դրա լավագույն ապացույցը եվրոպական այդ կառույցի հանդուրժողականությունն է` կապված Հայաստանում ազատ մամուլի բացակայության, ինչպես նաև Մարտի 1-ի էջը փակելու նախաձեռնության հետ: Բայց ամեն բան այլ կերպ կստացվեր, եթե յուրաքանչյուրս գոնե 50 տոկոսով կատարեինք մեր վրա դրված պարտականությունները: Ամեն բան այլ կլիներ, եթե հասարակությունը բողոքի գործողություններ ձեռնարկեր և արդարադատություն որոնելու ճանապարհին մենակ չթողներ, ասենք, բանակում սպանված զինվորի հարազատներին, սատարեր ոտնահարվածներին»,- ամփոփեց Զարուհի Փոստանջյանը:
Նշենք, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում հոկտեմբերի 5-ին քննարկվել և ընդունվել էր Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Աքսել Ֆիշերի հեղինակած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» խորագրով բանաձևը:
Հիշեցնենք, որ բանաձևի նախագծում, ողջունելով մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով կալանավորվածներին ազատ արձակելու` Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը, Վեհաժողովը համարում էր, որ ընդդիմության և իշխող կոալիցիայի միջև արդյունավետ երկխոսության մեկնարկը, վերջին համաներման արդյունքները, 2008-ի մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքների հետաքննությանը նոր թափ հաղորդելը նշանակում է, որ 2008-ի մարտյան իրադարձությունների էջը, ի վերջո, կարելի է փակված համարել:











































