Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին չունի այն բացարձակ կենտրոնացված իշխանությունը, որը վայելում էր նրա հայրը՝ Ալի Խամենեին։
Ըստ The New York Times-ի հրապարակման, որը հիմնված է իրանցի պաշտոնյաների և «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) անդամների հետ հարցազրույցների վրա, երկրի կառավարման ղեկը փաստացի անցել է ԻՀՊԿ բարձրաստիճան հրամանատարների ձեռքը։
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախկին խորհրդական Աբդոլռեզա Դավարին նշում է, որ կրտսեր Խամենեին երկիրը կառավարում է որպես «տնօրենների խորհրդի նախագահ»՝ հիմնվելով բացառապես խորհրդի անդամ հանդիսացող գեներալների խորհուրդների վրա։ Փորձագետները շեշտում են, որ Մոջթաբան դեռևս չի տիրապետում լիարժեք վերահսկողությանը և հաճախ պարզապես կանգնում է գեներալների կողմից արդեն կայացված որոշումների փաստի առաջ։
Այս իրավիճակի հիմնական պատճառներից մեկը Մոջթաբա Խամենեիի առողջական ծանր վիճակն է։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած օդային հարվածների հետևանքով, որոնց ժամանակ սպանվել էր նրա հայրը, Մոջթաբան ստացել է ծանր այրվածքներ և վնասվածքներ, որոնք սահմանափակել են նրա խոսելու ունակությունը։
Մարտ ամսից ի վեր նա չի հայտնվել հանրության առջև, իսկ կապը նրա հետ պահպանվում է բացառապես սուրհանդակների միջոցով փոխանցվող ձեռագիր հաղորդագրություններով։ Նա խուսափում է տեսաուղերձներից, որպեսզի թույլ կամ խոցելի չերևա։
Իշխանության այս տեղաշարժը նշանակում է, որ ռազմավարական բոլոր որոշումները՝ Իսրայելի վրա հարձակումներից մինչև Հորմուզի նեղուցի փակումը և ԱՄՆ-ի հետ դիվանագիտական բանակցությունները, այժմ կայացնում են ԻՀՊԿ գեներալները։
Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Ալի Վաեզն իրավիճակը բնութագրում է հետևյալ կերպ. «Մոջթաբան ստորադասված է Հեղափոխության պահապաններին»՝ նրան անվանելով առաջնորդ միայն անվանապես։ Այս նոր իրողության պայմաններում գեներալները հաղթող են դուրս գալիս նաև ներքին քաղաքական պայքարում՝ պարտադրելով իրենց կոշտ դիրքորոշումը նույնիսկ Վաշինգտոնի հետ բանակցությունները դադարեցնելու հարցում։










































