Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը համոզված է, որ զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումը և «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն»-ի դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած որոշումը (այն է՝ պահանջված 6 մլն դրամի փոխարեն Քոչարյանների ընտանիքին 3 մլն դրամի փոխհատուցում վճարել) կարող են վատ նախադեպ դառնալ: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Նման պրակտիկան կարող է շատ վատ և ծանր հետևանքներ ունենալ: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, ինչու ոչ` անհատ կամ առևտրային կազմակերպություն, այսուհետ կարող են համոզված լինել, որ դատական կարգով լրատվամիջոցներից իրավասու են գումարներ ստանալ միայն նրա համար, որ ԶԼՄ-ներում իրենց հասցեին հնչեցված քննադատությունը կարող են ընկալել որպես զրպարտություն ու վիրավորանք»,- ամփոփեց Աշոտ Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Սեդրակ և Բելլա Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն»-ի դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանն այսօր հրապարակեց դատական ակտը: Ըստ այդմ` դատարանը մերժեց «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ընկերության վերաքննիչ բողոքը` ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի վճիռը:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց էր ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ` պարբերականին մեղադրելով Քոչարյանների բարի համբավը արատավորելու մեջ: Քոչարյանների ընտանիքը 6 մլն դրամի փոխհատուցում էր պահանջում օրաթերթից՝ 3 մլն-ը դատական ծախսերի համար, իսկ մյուս 3 մլն-ը՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հայցվորների փոխհատուցման պահանջը` որոշելով հօգուտ նրանց 3 միլիոն փոխհատուցել` պահանջված 6-ի փոխարեն:








































