Սիրիայի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջան, ելույթ ունենալով զինվորական քոլեջի ուսանողների առջև, հայտարարել է, որ Դամասկոսը մտադիր է բարեփոխումների միջոցով Սիրիան դարձնել ժողովրդավարական երկիր:
Ըստ Xinhua News գործակալության՝ նա նաև նախազգուշացրել է, որ Սիրիայի իշխանությունները ոչ մի դեպքում բռնի ուժ չեն կիրառի, որպեսզի երկրում իրավիճակը չապակայունանա:
Նախարարի փոխանցմամբ` Սիրիայում տեղի ունեցող դեպքերը նորություն չեն, դրանք այն դժվարությունների տրամաբանական շարունակությունն են, որոնց հետ երկիրն առնչվել է նախկինում: Դաուդ Ռաջան նաև մտահոգություն է հայտնել, որ ընդդիմադիրները երբեմն ներքաշվում են ահաբեկչական խմբավորումների մեջ` պայքարելով երկրի զինվորական ղեկավարների և ինտելեկտուալ զանգվածի դեմ:
Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտի կեսերին Սիրիայում սկսվել են զանգվածային ցույցեր, որոնց մասնակիցները պահանջում են երկրում քաղաքական բարեփոխումների իրականացում և նախագահ Բաշար Ասադի հրաժարական: