Այսօրվա հանրահավաքին ելույթի խոսքով հանդես եկավ ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դավիթ Շահնազարյանը: Դիմելով ժողովրդին` նա ասաց, որ 8 օր անընդմեջ իրենք միասին Ազատության հրապարակում էին, և այդ 8 օրերի ընթացքում իրենք միասին փոխել են ՀՀ քաղաքական, ներքաղաքական և հասարակական մթնոլորտը: Նա նաև նշեց, որ իրենք այսօր պատմական և կարևոր որոշումներ են կայացնելու: Շահնազարյանի խոսքերով` չի եղել մի լսարան, մի ամբիոն, որտեղից ինքը հպարտությամբ չնայի ժողովրդին, երբեք այնպիսի պատասխանատվություն չի ունեցել, ինչը ունի այսօր` Ազատության հրապարակում:
Ըստ նրա՝ այս օրերի ընթացքում ունեցել ենք բազմաթիվ ձեռքբերումներ: Ազատության հրապարակում հավաքվածների շնորհիվ ապացուցեցինք, որ կա Հայաստանում այն քաղաքական ուժը, որ կարող է երաշխավորել ժողովրդավարական Հայաստանը, և այդ Հայաստանը, ըստ նրա, հեռու չէ` մոտ է, և միայն մեր երեխաները չեն, որ ապրելու են այդ Հայաստանում: Մենք բոլորս իրար հետ ապրելու ենք և ստեղծելու ենք այդ: Ըստ Շահնազարյանի՝ մեկ անգամ ևս ապացուցվեց, որ Հայաստանում կա հզորագույն քաղաքական ուժ՝ հանձինս Հայ ազգային կոնգրեսի, որը իր առաջ դրել է և մոտ ապագայում լուծելու է այդ խնդիրը. «Մենք հասել ենք նրան, որ երբեք Հայաստանում Մարտի 1-ի սպանդը չի կրկնվի, որը իրականացրեց Ռոբերտ Քոչարյանը, և Հայաստանը զերծ է մնալու նման սպանդից, և դա դուք եք արել այս 8 օրերի ընթացքում»:
Այնուհետև նա ավելացրեց, որ ժողովուրդը հարցնում է, թե Ռ. Քոչարյանը կվերադառնա՞: «Նրան սպասում են քննիչները, դատախազները և բանտային հսկիչները, ընդամենը ինքնապաշտպանական գործունեություն է իրականացնում: Մենք բոլորս իրար հետ երբեք ռադիկալ և ծայրահեղական չենք եղել և առաջնորդվել ենք ճշգրիտ քաղաքական հաշվարկով և տեսել դրա արդյունքները, մենք իրավունք չունենք սխալ քայլ կատարելու: Նման շռայլություն չենք կարող թույլ տալ: Մարտի 1-ից հետո ապացուցելու ենք, որ քաղաքականությունը անհնարին արվեստ է: Այսօրվա մեր որոշումը կլինի պատմական, կմոտեցնի մեր նպատակին` կնպաստի Հայաստանում արտահերթ և նախագահական ընտրություններ անցկացնելուն, և մենք կհասնենք դրան»,- ասաց Դ. Շահնազարյանը:











































