Նյու Յորքի իշխանությունները հայտարարել են, որ բացահայտել են անձնական տվյալների հափշտակության խոշոր դեպք: Որոշ տեղեկություններով, իր ծավալներով այն ամենախոշորն է ԱՄՆ պատմության մեջ: Ըստ դատախազության տարածած տեղեկությունների` ցանցը տարածվում էր Եվրոպայից Ասիա, Աֆրիկայից Մերձավոր Արևելք: Ձերբակալվել է 86 մրադ, մյուսները գտնվում են հետախուզման մեջ:
Պաշտոնյաները պարզաբանել են, որ մեղադրանք է առաջադրվել ամերիկացիների և եվրոպացիների կրեդիտ քարտերից անձնական տվյալներ գողանալու համար: Հանցագործները այլ երկրներից կրեդիտ քարտերի տեղեկությունները ստանալուց հետո սարքել են այդ քարտերի կրկնօրինակները և գնել են հիմնականում Apple ընկերության արտադրանք: Բացի այդ, նրանք այդ քարտերի միջոցով վարձել են թանկարժեք մեքենաներ, ամրագրել են համարներ թանկարժեք հյուրանոցներում: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:
Նախնական տեղեկություններով, 16 ամսվա ընթացքում անհատները, ֆինանսական և առևտրային տարբեր կազմակերպություններ կրել են 13 միլիոն դոլարի վնաս: Հաղորդվում է, որ հանցագործությունը բացահայտելիս քննիչները թարգմանել են ռուսերենով, չինարենով և արաբերենով բազմաթիվ հեռախոսային զրույցներ:











































