«Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության կայքի հաղորդմամբ՝ Իրանի իշխանությունները հիշյալ կազմակերպության գործիչներին վտարել են երկրից:
Կազմակերպության Թեհրանի գրասենյակի ղեկավար Քարին Գիլենը հայտարարել է, որ Իրանի իշխանությունները «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության բոլոր բժիշկներին արգելել են գործունեություն ծավալել Իրանի հարավարևելյան շրջանում գտնվող Սիստան-Բալուչեստան նահանգում ու նրանց վռնդել են երկրի տարածքից:
Հիշյալ կազմակերպությունը, 2001 թվականից սկսած, գործունեություն էր ծավալում Իրանի ամենաաղքատ նահանգներից համարվող Սիստան-Բալուչեստան նահանգում ու ընչազուրկ բնակչությանը տարբեր բժշկական օգնություններ էր ցուցաբերում։ Ըստ Քարին Գիլենի՝ Իրանի իշխանությունները բազմիցս փորձել էին դադարեցնել «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության գործունեությունը իրենց երկրում, և, ի վերջո, դա նրանց հաջողվել է. կազմակերպության բոլոր բժիշկները պիտի լքեն Իրանի տարածքը:











































