Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը վստահեցնում է, որ ոչ միայն մայրաքաղաք Երևանում քաղաքաշինության, ճարտարապետության հետ շատ խնդիրներ կան, այլ նաև մարզերում:
«Ես ուզում եմ մի օրինակ բերել՝ Սպիտակ քաղաքն այսօր 14 կմ ձգվել է, քաղաքացիները դժվարությամբ են հասնում քաղաքի մի ծայրից մյուսը: Գյուղեր կան, որ շատ խնդիրներ ունեն: Երբ ճարտարապետներս բարձրաձայնում ենք այս խնդիրների մասին, մեզ մի տեսակ թերահավատորեն են նայում և աշխատում են չլսել՝ ցույց տալով, որ մեր ասածը օդի մեջ է մնում: Ի՞նչ է նշանակում մի կողմ թողնել ճարտարապետների մասնագիտացված միության կարծիքը և անել քայլեր, որոնք հետագայում բերում են նրան, ինչը մենք այսօր ունենք. Երևանում` գերբեռնված, անընդհատ կառուցապատվող կենտրոն, բնակելի զանգվածներ հենց քաղաքի կենտրոնում, որը խնդիր չի լուծելու, այլ բազմապատկելու է եղածները: Վարչական օրգանները մեզ հետ այնպես են խոսում, կարծես մենք թշնամիներ լինենք, բայց դա այդպես չէ»,- ասում է պարոն Մինասյանը: