ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ անբարոյականություն և կեղծիք է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից ընդունված, Մարտի 1-ի էջը փակող բանաձևի հատկապես այն հատվածը, ուր խոսվում է «ընդդիմության և իշխող կոալիցիայի միջև արդյունավետ երկխոսության»` որպես նման որոշում կայացնելու հիմքի մասին: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվականի» հետ զրույցում:
«Ես իմ ելույթում էլ նշել եմ, որ «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» խորագրով բանաձևի ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասին 11-րդ կետը կեղծիք է, և առաջարկել եմ հանել այն: Իմ առաջարկը, սակայն, մերժվել է»,- հիշեցրեց Զարուհի Փոստանջյանը:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամը հիշեցրեց, որ վերոնշյալ բանաձևի ընդունումից հետո ևս Հայաստանը, ժողովրդավարության հետ խնդիրներ ունենալու ֆոնին, շարունակելու է մնալ ԵԽԽՎ մշտական մոնիտորինգի ներքո: «Եթե Հայաստանում արտակարգ որևէ բան չպատահի, և եթե կատարենք մեր ստանձնած պարտավորությունները, Հայաստանի մասին զեկույց ԵԽԽՎ-ն կներկայացնի 2 տարի անց: Սակայն եթե պարտավորություններն անկատար մնան, չի բացառվում, որ անգամ զրկվենք ԵԽԽՎ-ում ներկայացված լինելու մեր իրավունքից»,- նկատեց Զարուհի Փոստանջյանը:
Ամփոփելով` նա տեղեկացրեց, որ ԵԽԽՎ-ն, փակելով Մարտի 1-ի էջը, հավելյալ հետաքննություն իրականացնելու իրավասություն չունի և խոսքը կարող է գնալ միայն կառույցի կողմից պարբերաբար իրականացվող մոնիտորինգների մասին:
Նշենք, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում երեկ քննարկվել և ընդունվել է Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Աքսել Ֆիշերի հեղինակած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» խորագրով բանաձևը:
Հիշեցնենք, որ բանաձևի նախագծում, ողջունելով մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով կալանավորվածներին ազատ արձակելու` Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը, Վեհաժողովը համարում էր, որ ընդդիմության և իշխող կոալիցիայի միջև արդյունավետ երկխոսության մեկնարկը, վերջին համաներման արդյունքները, 2008-ի մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքների հետաքննությանը նոր թափ հաղորդելը նշանակում է, որ 2008-ի մարտյան իրադարձությունների էջը, ի վերջո, կարելի է փակված համարել:










































