Sovetunion.ru կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը սեպտեմբերի վերջին Մակեդոնիա կատարած այցի ժամանակ խոստացել է իր երկրի բյուջեից խոշոր դրամական միջոցներ հատկացնել Մակեդոնիայի ֆուտբոլային ընտրանուն, եթե վերջինս հոկտեմբերի 7-ին կարողանա հաղթել Հայաստանի ֆուտբոլային ընտրանուն։ Այս մասին հայտնել է Մակեդոնիայի խորհրդարանում ռուսական կայքի աղբյուրը։
Վերջինս նշել է, որ Էրդողանն իր այդ առաջարկը հնչեցրել է Մակեդոնիայի խորհրդարանի խոսնակ Տրայկո Վելյանոսկիի հետ ունեցած հանդիպման ժամանակ։ Փորձագետները, Հայաստանի հավաքականի պարտության հարցում Էրդողանի նմանատիպ հետաքրքրությունը պայմանավորում են Եվրո 2012-ի անցումային (փլեյ-օֆֆ) խաղերում Հայաստանի ու Թուրքիայի հավաքականների հնարավոր հանդիպումից խույս տալու ձգտմամբ։
Նշվում է, որ ներկայումս երկու երկրներն էլ լավ հնարավորություններ են պահպանում իրենց խմբերում երկրորդ տեղ զբաղեցնելու համար, ինչը անցումային խաղերին մասնակցելու հնարավորություն է ընձեռում կողմերին։
Իսկ Թուրքիայի ֆուտբոլային ընտրանու ներկայիս գլխավոր մարզիչ Գուուս Հիդդինգը, ով ավելի վաղ մարզում էր Ռուսաստանի ֆուտբոլային ընտրանուն, իր հերթին հայտարարել է, որ հուսով է, թե Ռուսաստանի հավաքականը կկարողանա, առանց անցումային խաղերի, ձեռք բերել Եվրո 2012-ի մրցաշարին մասնակցելու ուղեգիր։








































