Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Թամանյան ծոցում հայտնաբերված երկու սափորները ինքնուրույն չի գտել: Дождь հեռուստալիքի եթերում նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ անոթները հայտնաբերվել են «պեղումների ժամանակ` վարչապետի գտնելուց մի քանի օր կամ շաբաթ առաջ»: «Բնականաբար, դրանք կամ թողել են այնտեղ, կամ դրել: Դա միանգամայն բնական է»,- նշել է նա:
Հիշեցնենք՝ օգոստոսի 10-ին հաղորդվում էր, որ Վլադիմիր Պուտինը սուզվել է Թամանյան ծոցի հատակը և հանել մեր թվարկությունից առաջ 6-րդ դարին պատկանող 2 սափոր: Բլոգերները, սակայն, դեռ այդ ժամանակ նկատել էին, որ անոթները բավական լավ և մաքուր տեսք ունեն:
Մյուս կողմից՝ գիտնականները պնդում են, որ Թամանյան ծոցում այդպիսի անոթներ գտնելը բավական հեշտ է:
Պեսկովի խոսքերով` ինքը` վարչապետը, պարզապես դրանք հանել է ջրի տակից: «Պուտինը հազարավոր տարիներ ջրի տակ մնացած անոթներ չի գտել: Դա ակնհայտ է: Այն էլ՝ ստերիլության աստիճանի մաքրված: Դե, չի գտել»,- հայտարարել է կառավարության ղեկավարի ներկայացուցիչը:









































