Քանթրի ոճի ամերիկացի երգիչ Հենք Վիլյամս կրտսերը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային համեմատել է նացիստական Գերմանիայի ղեկավար Ադոլֆ Հիտլերի հետ: Դա տեղի է ունեցել նախօրեին Fox News հեռուստաալիքի Fox and Friends հաղորդման ժամանակ:
Վիլյամսը մասնավորաբար ասել է, որ երբ ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Ջոն Բոները գոլֆ էր խաղում Բարաք Օբամայի հետ, դա նույնն էր, ինչ, օրինակ, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն գոլֆ խաղար Հիտլերի հետ: «Նրանք թշնամիներ են: Թշնամիներ, որոնք ընկերություն են ձևացնում»,- ասել է երգիչը:
Հայտնի ամերիկյան հեռուստաալիքը` ESPN-ը, որի Monday Night Football հաղորդումը սկսվում էր Հենք Վիլյամսի երգով, ափսոսանք է հայտնել այդ հայտարարությունների կապակցությամբ և հանել նրա երգը եթերից: Երեկ երգիչն ընդունել է, որ իր համեմատությունը շատ կոշտ է եղել, սակայն դա բացատրել է Բոների և Օբամայի միջև եղած լուրջ տարբերությունների հանգամանքով: