Արդեն 4 օր Հայ ազգային կոնգրեսն Ազատության հրապարակում անցկացնում է շուրջօրյա հանրահավաքներ, որոնց մեկնարկի հաջորդ օրն ևեթ ոստիկանությունը շտապեց հայտարարել, որ հանրահավաքն ապօրինի է:
Այսօր լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է ինքը վերաբերվում շուրջօրյա հանրահավաքներին, ինչին ի պատասխան՝ Սահակյանը նշեց. «Եթե ինձ հարցնելու լինեիք՝ ես մեկ օր էլ չէի թողնի, որովհետև դա օրենքի խախտում է, բայց լիազոր մարմինն ինքն էլ, Սահմանադրությունն ու օրենքները խախտելով, ներկայացնում է, թե լարվածություն և խախտումներ չկան, կարող են շարունակվել»:
Սահակյանը նկատեց, որ թերևս լարվածության բացակայության պայմաններում հանրահավաքները չարգելելը ևս մեկնաբանություն է, բայց ամեն դեպքում ինքը կողմնակից է օրենքի ճիշտ կիրառմանը:
Նա նշեց, որ իշխանությունը պետք է մտածի ժողովրդի մասին, հետևաբար ժողովրդին քաղաքական խնդիրների համար օգտագործելը, վրանների տակ պահելը, հետո էլ զուգարաններ ուզելը անպատվություն է՝ նույն ժողովրդի հանդեպ:
Ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք ոստիկանությունը պետք է ցրի հանրահավաքը, Սահակյանը կցկտուր ու կիսատ արտաբերեց՝ իհարկե, և հետո ինքն իրեն ուղղելով՝ ասաց. «Ոստիկանությունը ոչ թե պիտի ցրի, այլ իր լիազորություններով պիտի հանդես գա: Դա ապօրինի հանրահավաքներ են»:
Սահակյանը նկատեց, որ ոստիկանությունը պետք է արգելի այդ հանրահավաքը. «Ցրելը որն ա՞, սերմ է-ի՞նչ է, վերցնի՝ ցրի»:










































