«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը
– Պարոն Զոհրաբյան,ՀԱԿ-ը, ինչպես և նախազգուշացրել էր, պայքարի այս փուլում որոշեց սկսել շուրջօրյա հանրահավաքներ:
– Նախ, ի՞նչ է նշանակում` դիմել ժողովրդի ուժին, քանի որ իրենք միշտ էլ դիմել են, հրավիրել են հանրահավաքներ, տեսել ենք` քանի հոգի են եկել: Ինչ վերաբերում է երկխոսությանը` գիտեք, որ բավական ժամանակ տևեց մինչև փոխհամաձայնության եկանք: Սակայն առկախվեց հենց ՀԱԿ-ի պատճառով, ինչ-որ մի ակտիվիստի գործունեության պատճառով: Կարծում եմ` առաջիկայում կշարունակվի երկխոսությունը , քանի որ իրենք առաջին նախագահի գլխավորությամբ հայտարարեցին, որ ցանկություն ունեն շարունակելու երկխոսությունը: Գիտեք, իրենց պահվածքն է կարծես թե պարդոքալ` հա՛մ առաջարկում են երկխոսությունը շարունակել, հա՛մ վրանային ճամբար են սարքել Ազատության հրապարակում և նորից այդ պահանջները դրել: Եթե դու համաձայն ես երկխոսությանը, ապա այդ հավելյալ ճնշումները ինչի համար են: Եթե դա քաղաքական թատրոն է` դա իրենց գործն է, և մենք դերասաններ չենք, որ մասնակցենք այդ թատրոնին: Հենց այնպես չասացի քաղաքական թատրոն: Գիտեք, որ այս շաբաթ նաև սպասվում է Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան, և ընդդիմությունը ցանկանում է ցուցադրել ե՛ւ Արևմուտքին, ե՛ւ Ֆրանսիայի նախագահին, որ տեսեք, մենք ինչ ակտիվ ենք, ինչ գործունեություն ենք ծավալում` նստացույցեր, վրաններ, պահանջներ և այլն, և այլն: Դրանք այն նույն պահանջներն են, ինչ որ առանց նստացույցի և վրանային ճամբարի անում էին: Ես չգիտեմ, թե որքանով է դա նպաստում, բայց պետք է անպայման դիտարկել, թե հասարակությունը ինչ վերաբերմունք կունենա դրան: Չէ՞ որ այդ հանրահավաքները հոգնեցրել են արդեն: Կարելի է ասել` հիմա մարդիկ ամենանվազագույն քանակի են գալիս, քանի որ չի հետաքրքում: Ուզում եմ ասել, որ այդ մեկշաբաթյա նստացույցը ապօրինի է: Բայց եթե չլինի հասարակական կարգի խախտում, ոստիկանները չեն ցրելու: Եղել է մեկ օրվա թույլտվություն, բայց այդ մեկ օրվա ժամկետն անցել է: Առաջին նախագահն ասաց, որ իր վրա է վերցնում այդ պատասխանատվությունը: Ինքը միշտ էլ ասում է, որ իր վրա է վերցնում այդ պատասխանատվությունը, բայց հետո լինում են դեպքեր, որը իր վրա չի մնում: Ինքն ազատ գնում է իր տանը ապրում է, իսկ մարդիկ գնում են բանտերը, ձերբակալվում են և տուժում է հասարակական կարգը, պետությունը: Շատ քիչ է ասել` ինձ վրա եմ վերցնում: Քեզ վրա վերցնելու համար մեծ ուսեր պետք է ունենաս, որ վերցնես, հետո պատասխանատվություն կրես: Իսկ ինքը չկրեց պատասխանատվություն: Պատասխանատվություն կրեցին իր քաղաքական գործընկերները: Այսպես կոչված` քաղկալանավորները: Սա է վիճակը, և տա Աստված, որ նորմալ ընթացք ունենա. ինչպես ժողովրդավար երկրներում` միտինգներ, պահանջներ, բայց չգնանք բռնությունների: Որովհետև մենք մի տարածաշրջանում ենք գտնվում, որը, եթե դիտարկենք Ադրբեջանի ռազմատենչ կոչերը, պայթյունավտանգ իրավիճակ կարող է ստեղծվի:
– Կարո՞ղ է իշխանությունները որոշեն ցրել Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքի մասնակիցներին:
– Այս անգամ նստացույցը կարծես թե ավելի կանոնակարգված է տեղի ուենում: Այն ժամանակ, երբ ոստիկանությունը միջամտեց, կային կասկածներ, որ մարդկանց մոտ զենք կա, արհեստական պատրաստված ոզնիներ, երկաթյա ձողեր: Այս անգամ նման բան չի նկատվում, զինված չեն, խաղաղ ցույց է, և Աստված տա, որ նման կարգով էլ շարունակվի:
– Նախորդ շաբաթ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը ՀՀԿ-ին համարեց իր կուսակցության միակ մրցակիցը:
– Վարդան Բոստանջյանի ասածից չի կարելի ենթադրել, որ հուշագիրը իրեն սպառել է, որովհետև եթե սպառի, դա կլինի պաշտոնական հայտարարություն կոալիցիոն անդամների կողմից: Այդպիսի հայտարարություն չկա: Ինչպես ես տեղեկացա Բոստանջյանի ելույթից, ինքը մրցակից համարում է «Հանրապետականին», որովհետև «Հանրապետականը» ամենաուժեղ քաղաքական ուժն է Հայաստանում: Իրենք արդեն հայտարարել են, որ առանձին են գնալու խորհրդարանական ընտրություններին: Բնականաբար, ինչ-որ մեկի հետ պետք է մրցեն: Մենք հուշագրում նշել ենք, որ ի հաշիվ կոալիցիոն անդամների պետք չէ ձեռք բերել առավելություն, բայց քանի որ ընտրությունը ինքը ազատ մրցակցություն է, մրցակցության էֆեկտն արդեն առաջանում է, ուզես, թե չուզես: Իրենք կարող են մրցակցել ե՛ւ մեզ հետ, ե՛ւ ընդդիմության հետ: Այստեղ կոալիցիայում հիմնական մեխը, որ կա, դա 2013-ի նախագահի ընտրություններին է վերաբերում, որտեղ նշվում է, որ իրենք պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
– Իսկ մինչև ե՞րբ կշարունակի գործել կոալիցիոն հուշագիրը: Նախընտրական շրջանն արդեն մոտենում է:
– Եթե ԲՀԿ-ն գնում է առանձին, բնականաբար մենք չենք կարող միասին գնալ: Դեռևս ՕԵԿ-ն էլ պաշտոնական հայտարարություն չի արել այս մասով: Մինչև առանձին-առանձին գնալը, ի վերջո, մի անգամ կոալիցիան պետք է հավաքվի, որոշում ընդունի, որ հստակ լինի ե՛ւ մեզ, ե՛ւ հասարակության համար:
– Այդ հավաքը ե՞րբ տեղի կուենա:
– Այ դա չեմ կարող ասել, կարծում եմ` նախընտրական արշավը երբ է սկսում, դրանից մի քիչ առաջ կլինի:
– Կարելի՞ է ենթադրել, որ լարված պայքար չի լինի:
– Չէ, ընդհակառակը` լարված պայքար կլինի, քանի որ խաղի մեջ են մտնում ընդդիմադիր ուժեր` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և էլի կան: Ամեն ընտրություններում էլ լարված պաքար է լինում: Այնպես չէ, որ հանգիստ լինի, մենք չենք հասել եվրոպական այն չափանիշներին, որ հանգիստ վերաբերվենք ընտրություններին, որովհետև իշխանության համար մեծ կռիվ կա: Եվրոպայում էլ իշխանության համար խնդիր կա, բայց այնտեղ, քանի որ սոցիալական խնդիրները լավ, թե վատ լուծված են, կենսամակարդակը բարձր է, երկար ժամանակ անկախ պետություն են, մեծ պայքար չկա: Մեզ մոտ առանձին անձինք եմ ասում, ոչ թե քաղաքական ուժեր, իշխանության մեջ հայտնվելու մեջ իրենց մոլուցքը կայանում է նրանում, որ ինչ-որ բան ձեռք բերեն իրենց համար: Այսինքն` հարստություն, փող, ազդեցություն: Իսկ Եվրոպայում դրա համար չեն մղում, քանի որ մարդիկ երկար տարիներ ունեն այդ ամենը, իրենք զուտ քաղաքական ծրագրեր են առաջ տանում: Իսկ մենք դեռ անցումային փուլում ենք, և մտածում ենք` հայտնվեմ բարձր դիրքերում և ինչ-որ բանում օգտվեմ: Այնինչ իշխանությունը հարստանալու տեղ չէ, կա ազատ ձեռներեցություն, թող գնան աշխատեն, մրցակցեն, հարստանան: Կամ` գնան մի տեղ, բարձր աշխատավարձ ստանան, եթե իհարկե` նման տեղեր կան: Այլ ոչ թե իշխանության լծակը վերցնեն: Ես սա ասում եմ անհատների մասին:
– Անցյալ շաբաթ Քոչարյանը չբացառեց իր վերադարձը քաղաքականություն:
– Նա իր հարցազրույցում ասել է, որ չի բացառում: Եթե մի անձնավորություն ասում է, որ չի բացառում` դրա մեջ կա նաև այն, որ բացառում է: Այսինքն` հիսուն-հիսուն է: Այո՛, ամեն դեպքում մեսիջ է: Ինչ վերաբերում է, թե ՀՀԿ-ն կբացի՞ դռները` մենք նման պայմանավորվածություն չունենք որևէ մեկի հետ, բայց իհարկե պատմությունը հուշում է այն մասին, որ ՀՀԿ-ն 10 տարի համագործակցել է Ռոբերտ Քոչարյանի հետ, երբ ինքը նախագահ էր: Գիտեք, մեր կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը եղել է վարչապետ` 7 տարուց ավել: Այսինքն` համագործակցություն ե՛ւ ծրագրային առումով, ե՛ւ տնտեսության մեջ: Նա մեզ չի դիմել, երբ դիմի, այն ժամանակ մենք կպատասխանենք: Հիմա մարդն ասել է` չի բացառում, որ գա քաղաքականություն: Ես չեմ էլ համարում, որ նա քաղաքականությունից լրիվ հեռացել է: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը 98-ից հեռացավ, գնաց, մեկուսացավ, նրա մասին շատ քիչ էին խոսում: Մի շրջան կար, որ նույնիսկ մոռացել էին, 10 տարի հետո վերադարձավ: Ռոբերտ Քոչարյանն էլ կարող է վերադառնալ: Ցանկացած քաղաքական գործիչ իրավունք ունի վերադառնալու և փորձելու ընտրվել ե՛ւ նախագահի, ե՛ւ պատգամավորի, ե՛ւ համայնքապետի պաշտոնում:
– Եթե Քոչարյանը քաղաքականություն վերադառնա որպես ընդդիմադիր, ՀՀԿ-ն պատրա՞ստ է դեմ դուրս գալ նրան:
– Ընդդիմադիր ո՞ւմ:
– Իշխանություններին:
– Նա չի նշել ընդդիմադիր լինել-չլինելու մասին: Այնպես հեշտ չի միանգամից հայտարարել ընդդիմադիր և ընդգրկվել այնտեղ, որտեղ մեկին առանձնապես չեն ցանկանում տեսնել: Խնդրեմ, երեկ առաջին նախագահը հայտարարություն արեց Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, և այդպես հեշտ ու խաղաղ ընդդիմադիր դաշտում գոյակցելը մի քիչ դժվար է լինելու: Իր հայտարարությունը եթե նայենք, միգուցե ընդդիմադիր հայտնվի, բայց ասել է, որ չի բացառում վերադառնալ: Մինչև չվերադառնա, եթեներով, ենթադրություններով ես չեմ ցանկանում խոսել այդ անձնավորության մասին: Չէ՞ որ, ի վերջո, 10 տարի այդ անձնավորության հետ համագործակցել ենք:
– Քոչարյանը ընդդիմություն կդառնա՞, թե՞ ոչ:
– Եթե ինքը մեզ ընդդիմանա, կդառնա ընդդիմություն, քանի որ մենք այսօր իշխանություն ենք և աշխատում ենք հաջորդ ընտրություններից հետո էլ իշխանության վերահսկող փաթեթը պահել մեր ձեռքին: Այնպես որ, ով մեզ ընդդիմացավ` հենց ընդդիմություն էլ կդառնա: Դա իր խնդիրն է` դառնալ ընդդիմություն:











































