Եգիպտոսում իշխող Բարձրագույն խորհրդի ղեկավարի տեղակալ Սամի Աննանն այսօր հանդիպում է ունեցել Եգիպտոսի քաղաքական կուսակցությունների հետ` առաջիկա խորհրդարանական ընտրությունների շուրջ զրուցելու համար:
Ինչպես գրում է եգիպտական Al-Ahram թերթը, հանդիպումը հետևել է երեկ Եգիպտոսի «Թահրիր» հրապարակում տեղի ունեցած՝ «Հեղափոխության վերադարձը» կարգախոսով հերթական բողոքի ակցիային:
Կուսակցություններն առավելապես դժգոհ են ընտրությունների մասին օրենքի 5-րդ հոդվածից, որն արգելում է կուսակցություններին մասնակցել ընտրություններին միամանդատ շրջաններում, որտեղ կարող են առաջադրվել միայն անկախ պատգամավորներ: Օրենքի համաձայն` պատգամավորների երկու երրորդը ընտրվում է կուսակցական ցուցակներով, մեկ երրորդը` միամանդատ շրջաններում:
Թահրիրի ցուցարարների կարծիքով` այդ օրենքով խորհրդարանը կարող է վերադառնալ իրենց գլխավոր հակառակորդ Ազգային դեմոկրատական կուսակցությանը, որը Մուբարաքի տարիներին իշխող կուսակցությունն էր:
Զինվորականներն առաջարկել են ևս մեկ անգամ քննարկել ժողովրդի պահանջները, որպեսզի առաջիկա ընտրություններն անցնեն առավելագույն ժողովրդավարության պայմաններում և նոր բողոքի ալիք չբարձրացնեն ո՛չ եգիպտական հասարակության մեջ, ո՛չ էլ միջազգային թատերաբեմում:
Հանդիպման ընթացքում կուսակցությունները ևս մեկ անգամ պահանջել են, որպեսզի առաջիկա ընտրություններն անցկացվեն երկրում 30 տարի գործող արտակարգ դրությունը վերացնելու, կայունության և անվտանգության պայմաններում:










































