Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ, եթե Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրում են սահմանազատման ու սահմանագծման աշխատանքի կանոնակարգն ու գործընթացը շարունակվում է խաղաղության պայմանում, ապա Ադրբեջանի հետ սահմանից պետք է դուրս բերել Եվրամիության դիտորդական առաքելությունը, այլեւս չկա դրա անհրաժեշտությունը: Նրա այս հայտարարությունն անմիջապես հաջորդում է կանոնակարգի ստորագրման մասին տեղեկատվությանը, ինչպես նաեւ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, որի ընթացքում Փաշինյանը փաստացի երկու առաջարկ է հասցեագրել Բաքվին՝ խաղաղության պայմանագիր ստորագրել այդ պայմանագրի քննարկվող տեքստի համաձայնեցված 13 կետերով, եւ հայ-ադրբեջանական սահմանին անցկացնել Փաշինյան-Ալիեւ հանդիպում:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի քննարկվող տեքստի կկետերը 17-ն են, որոնցից 3-ը համաձայնեցված է: Երեւանն առաջարկում է հենց այդ կետերով ստորագրել խաղաղության պայմանագիր, իսկ չհամաձայնեցված հարցերը՝ շարունակել քննարկել: Ինչպես հայտնի է, Բաքուն առաջարկում է ստորագրել ոչ թե կետերով խաղաղության պայմանագիր՝ դրա շուրջ աշխատանքը համարելով երկար ժամանակ պահանջող, այլ այսպես ասած հիմնարար սկզբունքների շրջանակային համաձայնագիր: Հայաստանի փոխարտգործնախարարը նախօրեին հայտարերել էր, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը, որ աշխատանքային փոխանցումների շրջանակում Բաքուն Հայաստանին էր փոխանցել ամիսներ առաջ:
Այդ ֆոնին, Հիքմեթ Հաջիեւը բարձրաձայնում է ԵՄ դիտորդական առաքելությունը Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանից հանելու հարցը: Դա Բաքվի «պատասխա՞նն» է Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առաջարկներին, որով Ադրբեջանը փորձում է «գնդակը պահել» Հայաստանի դաշտում, թե՞ այդուհանդերձ հարց, որը կողմերը քննարկել են կանոնակարգը ստորագրելու քննարկումների շրջանակում: Դա հնարավոր կլինի առնվազն կռահել, երբ Երեւանից լինի արձագանք Հաջիեւի բարձրաձայնածին: Սակայն, էական է թերեւս ոչ միայն Հայաստանի արձագանքը, այլ նաեւ Եվրամիության:
Մեծ է հավանականությունը, որ Բրյուսելը կհայտարարի, որ դա կողմերի որոշելիքն է: Ընդ որում, նկատենք, որ Բաքուն հարցադրումը չի ձեւակերպում՝ առաքելությունը Հայաստանից հեռացնելու տարբերակով, այլ՝ Ադրբեջանի հետ սահմանից: Բայց, այդ պարագայում իհարկե հարց կառաջանա, թե գործառույթային ինչ իմաստ է պարունակելու ԵՄ դիտորդական առաքելությունը, եթե դրա առանցքային խնդիրը չի լինելու հայ-ադրբեջանական սահմանի դիտարկումն ու դրա համար պատասխանատվությունը: Ընդ որում, հարկ է հիշել, որ 2022 թվականի Պրահայի հայտնի քառակողմ ձեւաչափով հանդիպմանը կայացված այդ որոշումը ընթացիկ տարում էապես փոխվել է կարգավիճակային առումով:
Հայաստանն ու ԵՄ-ն պայմանավորվել են, եվ դա ստացել է Հայաստանի խորհրդարանի հաստատումը, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանակավորի փոխարեն ստանում է մշտական դիվանագիտական կարգավիճակ: Ընդ որում, այդ համաձայնությամբ՝ Հայաստանի համար անձեռնմխելի են դառնում առաքելության տեղակայման գրասենյակները, նաեւ առաքելության գրագրությունը, իսկ առաքելությունն էլ իրավունք է ստանում ներգրավել ոչ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների: Ի դեպ, արդեն իսկ կա այդ իրավունքի նախադեպը՝ ԵՄ դիտորդական առաքելության կազմում է Կանադայի ներկայացուցիչը:










































