Հանրային հեռուստաընկերությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ մշակույթի նախարարության անվան և հովանու ներքո, անկախության 20-ամյա նվաճումները ներկայացնող ծրագրի փառատոնային բաժնից դուրս է մնում «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «ՌեԱնիմանիայի» հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին:
«Հասկանալի է, որ բոլոր փառատոները հնարավոր չէ ընդգրկել, հասկանալի է, որ «Ոսկե ծիրանը» պետք է ընդգրկվի, բայց «ՌեԱնիմանիան», որը միջազգային անիմացիոն միակ կինոփառատոնն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, չի ներկայացվում: Կա՛մ այդ ծրագիրը պատրաստողն անտեղյակ է, կա՛մ անգիտակ է: Գուցե նաև պետք չէ, որ ներկայացվի, իզուր եմ վրդովվում, բայց անհնար և անընդունելի է անտեսել տարածաշրջանում միակը եղող և մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետի և Ազգային կինոկենտրոնի աջակցությունը վայելող մի փառատոնի դուրսթողնվելը»,- զայրացած ասաց անիմատորը:
«Ես ոչ ոքի չեմ մեղադրում, գուցե անհատ է դա դիտմամբ անում կամ անգիտակից է: Առաջին անգամ դա կարող էր վրիպում լինել, երկրոդ անգամ վրիպումը կարող է այլ բան նշանակել: «ՌեԱնիմանիան» Հանրայինի եթերով ոչ մի անգամ չի լուսաբանվել: «ՌեԱնիմանիան» 20-ամյակի նվաճումներից մեկն է, որը երեք տարում դարձել է անիմացիայի կենտրոն»,- ասաց Վ. Քասունին` ընդգծելով, որ կինոփառատոնը, չնայած ամենին, կշարունակի իր գործն անել:
«Հայաստանը նաև ես եմ, միայն «դու» չես…»,- հավելեց նա:








































