Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, հինգշաբթի օրը Մոսկվայում հանդիպելու են Մերձդնեստրի հակամարտության կարգավորման միջնորդները և հակամարտ կողմերը։
«5+2» ձևաչափով բանակցություններում հակամարտ կողմերն են Մոլդովան և Մերձդնեստրը, միջնորդները` ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ուկրաինան։ Քանի որ երկար ժամանակ բանակցություններն ընդհատված էին, այսօրվա հանդիպումը զգուշորեն ներկայացվում է որպես խորհրդակցական հանդիպում և ոչ թե բանակցությունների վերսկսում։
Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլաթը ավելի վաղ The Moscow Times թերթին տված հարցազրույցում հույս էր հայտնել, որ Մերձդնեստրի առաջնորդի հետ հանդիպումը կհանգեցնի բանակցությունների վերականգնմանը` վերջնականապես կարգավորելու համար Եվրոպայի սառեցված հակամարտություններից ամենաբարդերից մեկը։
Մոտ երկու շաբաթ առաջ Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլաթն ու Մերձդնեստրի ղեկավար Իգոր Սմիրնովը ԵԱՀԿ-ի միջնորդությամբ հանդիպում էին ունեցել Գերմանիայում։
«Սմիրնովի հետ զրույցը անկեղծ էր, բայց դա չի նշանակում, թե մենք նույն կարծիքն ունեինք այն քայլերի մասին, որ պետք է արվեն Մոլդովայի ինտեգրման համար։ Սակայն ես համոզված եմ, որ հակամարտության կարգավորման և առաջընթացի հիմքը երկխոսությունն է», – Գերմանիայում կայացած հանդիպումից հետո լրագրողներին ասել էր Վլադ Ֆիլաթը։
Մոլդովայի արևելյան` Մերձնդեստրի շրջանը Քիշնևի կենտրոնական իշխանությունից անջատվել էր 1992 թվականին։ Կողմերի միջև ռազմական կարճատև բախում էր տեղի ունեցել, Մերձդենստում ռուսական զինուժ կար։
Հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ սկսվեցին, բայց 2006 թվականին ընդհատվեցին։ Իգոր Սմիրնովը դուրս եկավ բանակցություններից` բողոքելով պաշտոնական Քիշնևի կողմից մտցված մաքսային նոր կարգի դեմ. Մերձդնեստրի առաջնորդը հայտարարեց, թե մաքսային նոր ռեժիմը տնտեսական շրջափակում է, որի նպատակը անջատված շրջանը խեղդելն է։
Մերձդնեստրում 500 հազարից ավելի մարդ է ապրում։
Գալիք դեկտեմբերին Մերձդնեստրում նախագահական ընտրություններ են անցկացվելու, դեռ պարզ չէ`Իգոր Սմիրնովը նորից առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը։ Նա երկու տասնամյակ ղեկավարում է Մերձդնեստրը։











































