Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն մեկնաբանել է ոչ վաղ անցյալում Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեի այն հայտարարությունը, թե Վրաստանը ցանկանում է, որ Ռուսաստանը մինչև տարեվերջ անդամակցի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), և որ դա կախված է բանակցությունների ժամանակ Ռուսաստանի կառուցողական դիրքորոշումից։
Այս կապակցությամբ Արեշիձեն հայտարարել է, որ ԱՀԿ-ին Ռուսաստանի շուտափույթ անդամակցության հետ կապված Վրաստանի ցանկությունը պայմանավորված է Արևմուտքի ճնշմամբ. «Հնարավոր է՝ եղել է ինչ-որ համաձայնագիր և Արևմուտքի կողմից ուժեղ ճնշում։ Մեզ համար շատ դեպքերում դժվար է լինում հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում։
Ենթադրելի է, որ Արևմուտքը մեծ ճնշում է գործադրել Վրաստանի վրա, որպեսզի Ռուսաստանն անդամակցի ԱՀԿ-ին։ Օբյեկտիվության համար պետք է նշել, որ որոշակի ճնշում եղել է նաև Ռուսաստանի վրա, որպեսզի նա որոշակի զիջումների գնա։ Մեզ դեռևս հայտնի չէ, թե ինչ զիջումների է գնացել Ռուսաստանը, սակայն փաստ է, որ զիջումներ եղել են, քանի որ Վրաստանի ներկայացուցիչները որոշակի գոհունակություն են հայտնել։
Ինչ վերաբերում է նրան՝ արդյո՞ք ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցումը տեղի կունենա այս տարի, թե՞ ոչ, ես ոչինչ չեմ կարող ասել այդ մասին։ Սակայն կարող եմ երաշխավորել, որ Ռուսաստանը ինչ-որ ժամանակ այնուամենայնիվ անդամակցելու է այդ կազմակերպությանը»։
Հիշեցնենք, որ ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ ռուս-վրացական բանակցությունների վերջին՝ 5-րդ փուլը տեղի ունեցավ սեպտեմբերի 12-ին Ժնևում և հերթական անգամ ավարտվեց անարդյունք։










































