ՄԱԿ-ի 66-ամյա պատմության մեջ առաջին անգամ Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական քննարկումները բացում է կին քաղաքական գործիչը` Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը: Նրան կհաջորդի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Ելույթների առաջին օրը ամբիոնին կմոտենան նաև Մեքսիկայի, Ղազախստանի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի և Ուկրաինայի ղեկավարները: Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում ելույթ կունենան 121 երկրների նախագահներ և կառավարության ղեկավարներ: Անսպասելիորեն Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը լքել է Նյու Յորքը և վերադարձել իր երկիր, քանի որ այնտեղ թալիբների կողմից սպանվել է Աֆղանստանի նախկին նախագահ Բուրհանուդդին Ռաբանին:
Ամենահակասական քննարկումները սպասվում են Պաղեստինի անկախության հարցի ճանաչման ժամանակ, որի շուրջ պահպանվում է անորոշություն: Կուլիսներում նույնիսկ խոսում են, որ այդ քննարկումը կարող է հետաձգվել մինչև մեկ տարի ժամկետով:










































