Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն երեկ հայտարարել է, որ «Արևելյան գործընկերության» առաջիկա գագաթնաժողովը շատ կարևոր է Վրաստանի համար.
«Սեպտեմբերի վերջին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում պլանավորված է «Արևելյան գործընկերության» շատ կարևոր գագաթնաժողովը, որին, բացի այդ նախաձեռնությունում ընդգրկված 6 երկրների ղեկավարներից, մասնակցելու են նաև ԵՄ-ի կառույցների ղեկավարները։
Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այդ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել անձամբ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկից։ Մոտ ապագայում Վրաստանի և ԵՄ-ի փոխհարաբերությունները կարող են ընդլայնվել և խորանալ քաղաքական ու տնտեսական համագործակցության պլանում։ Դա առաջին հերթին վերաբերում է ազատ առևտրի գոտու ձևավորման և տարածաշրջանում անվտանգության հարցերի շուրջ ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելուն»։
Նշվում է, որ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը տեղի է ունենալու սեպտեմբերի 29-30-ը։
Հիշեցնենք, որ ԵՄ կողմից ստեղծված «Արևելյան գործընկերություն» նախագիծը միտված է նրան, որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Բելառուսը և Ուկրաինան է՛լ ավելի մերձենան ԵՄ-ին:
Թեև այն չի ենթադրում անդամակցություն ԵՄ-ին, այնուամենայնիվ, նախատեսում է քաղաքական ու տնտեսական մերձեցում: Այս ծրագրի մեկնարկը տրվել է 2009 թվականի մայիսի 7-ին՝ Պրահայում կայացած ԵՄ գագաթնաժողովում:









































