ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել։ Հայտնել են, որ անհայտ հանգամանքներում տեղի ունեցած դանակահարության հետևանքով «ձախ ուսային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, ընկերների ուղեկցությամբ անհայտ հասցեից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում՝ «կրծքավանդակի բեկորային հրազենի վիրավորումով»։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 27-ամյա Ստեփան Ս.-ն է, ում հիվանդանոց են տեղափոխել նրա ընկերները, ովքեր էլ հիվանդանոցում իրենց ընկերոջը փրկող բժիշկների նկատմամբ ագրեսիվ վարք են դրսևորել։
Ոստիկանները ժամեր անց պարզել են, որ Շիրակի փողոցի թիվ 35 շենքի բակում Երևանի բնակիչ 35-ամյա Մանուկ Պետրոսյանն իր մոտ եղած՝ դեռևս չպարզված ատրճանակից կրակոցներ է արձակել Ստեփան Ս.-ի ուղղությամբ՝ պատճառելով հրազենային մարմնական վնասվածքներ։ Դեպքի փաստով «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Մ. Պետրոսյանին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։