Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս Կանը երեկ հանդես է եկել առաջին հրապարակային հարցազրույցով: Նա անդրադարձել է ֆրանսիական հանրությանը հուզող մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ Sofitel հյուրանոցի սպասուհու հետ ունեցած հարաբերություններին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Դոմինիկ Ստրոս Կանն ասել է, որ տեղի ունեցածը «անհեթեթ սխալ էր»: Նա հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները և ասել, որ վախեցած էր ու նվաստացված ԱՄՆ արդարադատության կողմից: Նա նաև հերքել է ֆրանսիացի լրագրող Թրիստան Բանոնի կողմից նրան առաջադրված մեղադրանքները` ասելով, որ ինքը փորձել է սիրաշահել Բանոնին, սակայն բռնաբարության փորձ չի եղել: