ԱՄՆ –ը գաղտնազերծել է 1994թ. հունվարի 14-ին Սպիտակ տանը կայացած Քլինթոն-Ելցին բանակցությունների պաշտոնական սղագրությունը: Այդ առթիվ ընդարձակ հրապարում է արել Regnum-ը, որ ունի ՌԴ ԱԳՆ-ին եւ հատուկ ծառայություններին մոտ կանգնած լրատվամիջոցի համարում: Մեկնաբանության գլխավոր մոտիվն այն է, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ՆԱՏՕ-ին իր անդամակցությունը, սակայն Սպիտակ տունը չի ընդառաջել:
Լրատվամիջոցը հատուկ կարեւորություն է տվել հանգամանքին, որ Ելցինը Վաշինգոտն էր մեկնել պետդումայի ընտրություններից կարճ ժամանակ անց, երբ ՌԴ խորհրդարանում «հարաբերական հաջողության էր հասել Ժիրինովսկու կուսակցությունը»: Մեջբերվում է Ելցինի մեկնաբանությունը, որ Ժիրինովսկին զգալի ընտրազանգված ունի ոչ թե նրա համար, որ պահանջում է Ալյասկան եւ Ղրիմը, այլ՝ որ մարդիկ սոցիալ-տնտեսական դժվարություններ ունեն, ինչին ԱՄՆ-ը նախագահը համաձայնում է եւ նույնիսկ ընդունում, որ Ժիրինովսկու քաղաքական կերպարից եվրոպական մի շարք առաջնորդների «անհանգստությունը հիմնավոր չէ»:
Վաշինգտոնն ինչու՞ է Քլինթոն-Ելցին բանակցությունները գաղտնազերծել մի իրավիճակում, երբ Մոսկվայի հետ հարաբերությունները, մեղմ ասած, բարեկամական չեն եւ ինչու՞ ազգայնական-իմպերիականության քարոզիչ Regnum-ը խնդիրը ներկայացնում է այնպես, որ եթե երեսուն տարի առաջ ԱՄՆ-ը տնտեսական դժվարությունների դեմ Ռուսաստանին չթողներ միայնակ, ընդուներ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու առաջարկությունը, ապա «գուցե պատմությունը բոլորովին այլ ընթացք կունենար»:
Regnum-ն իր կողմից հավելում է, որ նախագահի պաշտոնն ստանձնելով՝ Վլադիմիր Պուտինը 2000 թվականին կրկնել է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու առաջարկությունը, բայց՝ վերստին մերժվել եւ եզրակացնում, որ եթե Վաշինգտոնը ցուցաբերեր ընկալունակություն, ապա Պուտինի 2007թ. մյունխենյան ելույթը չէր լինի: Քլինթոն-Ելցին բանակցությունների գաղտնազերծումից հասկացվում է, որ Վաշինգտոնը ՆԱՏՕ-ին Ռուսաստանի ինտեգրման հարցում վերապահություն է ունեցել՝ վսըահ չլինելով, թե ինչպես կարձագանքի Չինաստանը: Այսօր, որքան էլ մոսկովյան քարոզչությունը փորձում է այլ պատկեր ներկայացնել, Չինաստանն ավելի շատ Միացյալ Նահանգների, քան՝ Ռուսաստանի ,,հետ է,,:
Գաղտնազերծումն ԱՄՆ-ի միակողմանի՞ քայլն է, թե դիվանագիտական խողովակներով Մոսկվան համաձայնությու՞ն է տվել: Ուկրաինայի դեմ հարձակումից կարճ ժամանակ առաջ Ռուսաստանը հրապարակայնացրել էր ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների իր պատկերացումները: Քաղաքագետներն այդ առաջարկություններն անվանել էին «Յալթա-2»: Քլինթոնի հետ բանակցություններում Ելցինն այն միտքն է արտահայտել, որ ԱՄՆ-Ռուսաստան գլոբալ համաձայնությունը «կերաշխավորի հարյուր տարվա միջազգային կայունություն»: Ուկրաինական պատերազմը, կարծես, ապացուցեց, որ կողմերը կոնվենցիոնալ պատերազմում մեկը մյուսի դեմ հաղթանակի հասնելու ռեսուրսներ չունեն, իսկ միջուկային զինանոցի կիրառումը խելահեղություն է:
Բայդենը Պուտինին առաջարկում է ձեռնպահ մնալ Թրամփին աջակցությունից եւ տարավերջին կամ 2025-ի սկզբներին նստել բանակցությունների սեղանի շու՞րջ: Հրապարակայնացնելով Մերձավոր Արեւելքից ամերիկյան զինուժը հեռացնելու շուրջ ներքին քննարկումները՝ Վաշինգտոնը Մոսկվային ինչ-որ ազդա՞կ է հղում: Իսկ չարժե՞ Ալիեւի «հակաարեւմտամետությունը» դիտարկել ռուս-ամերիկյան հնարավոր «գործարքի տիրույթում»:






































