Խոսելով Հայաստանին նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե խորհրդարանական կառավարման մոդելի հարցում փոփոխության կողմնակից չէ: Թե ինչու է Փաշինյանը առաջ բերել նոր Սահմանադրության թեման, անդրադարձել եմ նախորդ մեկնաբանություններում: Դրան անդրադարձիի նոր առիթներ անկասկած լինելու են: Այժմ դիտարկենք կառավարման մոդելի, խորհրդարանական կառավարման հարցը: Դեռեւս այդ մոդելի ներդրման ժամանակաշրջանում՝ 2015 թվականի սահմանադրական փոփոխության գործընթացում դիտարկել եմ դրա քաղաքական մոտիվները, թե Սերժ Սարգսյանի անձնական քաղաքական խնդիրների, թե Հայաստանի հանդեպ աշխարհաքաղաքական մարտահրավերների համատեքստում:
Այդ մարտահրավերները ոչ միայն չեն վերացելլ, այլ դժբախտաբար խորացել են եւ տրանսֆորմացվել Հայաստանի ռազմական պարտության, Արցախի կորստի հետեւանքով: Այդ իմաստով, խորհրդարանական կառավարման մոդելը՝ անկախ իշխող որեւէ ուժի կոնյուկտուրային կարիքներից, Հայաստանի քաղաքական կարիքները բավարարելու ունակ թերեւս ամենից շոշափելի ներուժ ունեցող մոդելն ՝ որպես տեսական մեխանիզմ, որն ապահովում է որոշումների կայացման թե ներկայացուցչականության, թե ներառականության հնարավորություն, որը ապակենտրոնացնելով այդ մեխանիզմը, այն ազատելով մեկ անձից կախվածությունից, օժտում է քաղաքական մանեւրի եւ ճկունության հնարավորությամբ: Սակայն, գործնական առումով Հայաստանը թե այն ժամանակ՝ երբ ներդրվում էր մոդելը, թե առ այսօր բացարձակապես հեռու է այդ մեխանիզմին համարժեք իրավիճակ, քաղաքական իրողություններ, խորհրդարան ունենալու հեռանկարից:
Հայաստանի խորհրդարաննն իր մեծամասնությամբ ոչ միայն շարունակում է լինել ըստ էության իր իսկ ձեւավորած գործադիր իշխանության ենթակա, այլ այսօր ավելի է խորացել այդ իրողության մեջ, մի շարք հանգամանքների բերումով: Խորհրդարանական ընդդիմությունն այսօր ըստ էության գործում է առավելապես նախկին երկու նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ենթակայության ներքո: Ինչ խոսք, նույնիսկ այդ «նեղ», խիստ սահմանափակ ծավալի ապակենտրոնացման առկայությունն էլ ինչ որ բան է, բայց դա այդուհանդերձ որեւէ կերպ թույլ չի տալիս խոսել Հայաստանում խորհրդարանական կառավարման գործուն մոդելի նույնիսկ հեռանկարի մասին: Այդ հեռանկարը կախված է Հայաստանում տնտեսա-քաղաքական ռեֆորմացիայից, որը Հայաստանում խորքային առումով տեղի չի ունենում առ այսօր: Հայաստանում առ այսօր չկան տնտեսական ու քաղաքական էլիտաներ, որոնք խորապես շահագրգռված են այդօրինակ ռեֆորմացիայի հեռանկարով՝ թե քաղաքական կոնյուկտուրայի, թե քաղաքական աշխարհայացքի, արժեհամակարգի եւ փիլիսոփայության առումով:






































