Reuters-ը տեղեկագրում է, որ Պակիստանի Ազգային անցտանգության կոմիտեն որոշել է լիովին վերականգնել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները: Այդ մասին հայտնել է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը եւ ավելացրել, որ դա նշանակում է դեսպանների վերադարձ համապատասխանաբար Թեհրան եւ Իսլամաբադ: Ավելի վաղ ՌԻԱ-Նովոստին տարածել էր կողմերին ուղղված՝ ՌԴ ԱԳՆ հորդորը՝ զսպվածություն ցուցաբերելու եւ ծագած խնդիրները բացառապես դիվանագիտական միջոցներով կարգավորելու մասին:
Վաղաժամ է ասել, որ Իսլամաբադը եւ Թեհրանը գործնականում կմնան միմյանց հասցեին վերջին երկու օրերին հնչեցրած սիրալիրությունների շրջանակներում: Բայց փաստ է, որ Պակիստանի ԱԳՆ-ն Իրանի ժողովրդին անվանել է «եղբայրական»: Իր հերթին Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանը հարգում է Պակիստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Միջազգային մամուլում տեսակետ կա, որ Պակիստանը եւ Իրանը «ցուցադրական լարվածություն են խաղարկել»:
Վկայակոչվում է Իրանի վտարանդիության շրջանակներում քննարկվող վարկածը, որ Իրանը եւ Պակիստանը «մտադիր են համատեղ լուծել Բելուջիստանի հարցը»: Բելուջիստանը բաժանված է Իրանի եւ Պակիստանի միջեւ, երկու կողմում էլ գործում են թե իսլամ ծայրահեղականներ, թե Բելուջիստանի անկախության ջատագով խմբեր ու խմբավորումներ: Ինչպե՞ս են Պակիստանը եւ Իրանը պատրաստվում լուծել Բելուջիստանի եւ բելուջական սեպարատիզմի հարցը կամ արդյոք պատրաստվու՞մ են՝ հայտնի չէ: Իրատեսական է թվում, որ կողմերը համաձայնության են եկել մի սկզբունքային հարցում՝ չմիջամտել գարնանը մեկնարկող քաղաքական գործընթացներին, չսրել իրավիճակը: Պակիստանում եւ Իրանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
Այնուամենայնիվ, Պակիստանը մնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական դաշնակիցը, եւ Բելուջիստանի կամ բելուջական սեպարատիզմի խնդիրը, թերեւս, Իրանի շուրջ իրավիճակի մասնավոր դրսեւորում է, որի սառեցմանը որքան Ռուսաստանի հորդորը կարող էր նպաստել, նույնքան էլ, գուցե ավելի՝ Իրանի միջուկային ծրագրի պայմանագրի մասին ԱՄՆ պետքարտուղարի դիտարկումը: Մանավանդ որ դրան հաջորդեց տեղեկություն, որ Իրանը տիրապետում է հարստացված ուրանի այնպիսի քանակության, որ միջուկային մարտագլխիկներ ունենալու հնարավորություն է տալիս:
Այս համատեքստում կարեւոր է ալիեւյան haqqin.az-ի հարցադրումը, թե արդյոք Իրանը չի՞ վերածվում «տարածաշրջանի ժանդարմի»: Ի՞նչն է անհանգստացրել Բաքվին: Սկզբունքորեն անջատողականության եւ իսլամական ծայրահեղականության դեմ Իրանի թիրախային հարվածները չպետք է հակադրվեն Ադրբեջանի շահերին, որտեղ իսլամական «զարթոնքի» սպառնալիք միշտ եղել է եւ կա: Խնդիրն այն չէ՞, որ Ադրբեջանը արաքսամերձ տարածքներում մտադրված է Իսրայելի աջակցությամբ այսպես կոչված «խելացի գյուղեր» հիմնադրել:
Պաշտոնապես ասվում է, որ դրանք կլինեն «արդիական տեխնոլոգիաներով գյուղատնտեսական համալիրներ»: Բայց ո՞վ է երաշխավորում, որ Իրանի հյուսիսային սահմանին չեն ստեղծվի կամ արդեն իսկ ստեղծված չեն իսրայելական «խելացի դիտարկման» եւ էլեկտրոնային հարձակման «արտադրամասեր»: Պակիստանի հետ հարաբերությունների կարգավորումը թույլ է տալիս, որ Իրանը հյուսիսային ուղղությամբ լրացուցիչ միջոցներ ներգրավի: Իսկ հայտարարությունը, որ տարածաշրջանի ցանկացած կետում «Մոսադի» գործակալական հենակետերը կխոցվեն՝ արդեն լուրջ զգուշացում է:










































