Երեքշաբթի Սիրիայում ընդդիմության կողմից հայտարարվել է «ցասման օր», սակայն ոչ թե ընդդեմ Սիրիայի իշխանությունների, ինչպես սովորաբար լինում է, այլ Ռուսաստանի, որը շարունակում է աջակցել Սիրիայի գործող ռեժիմին և չի թաքցնում Բաշար Ալ-Ասադին օգնություն ցուցաբերելու իր մտադրությունները: Ռուսական կողմը մասնավորապես արգելափակում է Սիրիայի հարցով բանաձևի ընդունումը, որը ներկայացրել են արևմտյան երկրները: Սիրիայում տեղի ունեցող հակառուսական ցույցերի մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց արաբագետ Արաքս Փաշայանի հետ.
«Ռուսաստանը և Չինաստանը փորձում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում օգտագործել իրենց վետոյի իրավունքը Սիրիայի հետ կապված հարցում, որը առաջ է բերել հակառուսական տրամադրությունների մեծ ալիք Սիրիայում: Եվ վերջերս ընդդիմադիրների պատվիրակությունը Մոսկվա էր գնացել ու ասել ռուսական իշխանություններին, որ եթե այսպես շարունակվի, Սիրիայում հակառուսական տրամադրությունները ավելի կամրապնդվեն»:
Սակայն, արաբագետի խոսքով` այս փուլում Ռուսաստանը իր դիրքորոշումը չի փոխի, և հակառուսական տրամադրությունները կապված են իրենց վետոյի իրավունքը օգտագործելու հանգամանքի հետ:
Մեր հարցին, թե սա կարո՞ղ է արդյոք ազդել ռուսական շահերի վրա Մերձավոր Արևելքում, Ա. Փաշայանը պատասխանեց.
«Շահերի վրա կազդի այնքանով, որ դրանով շատ լավ երևում է Սիրիային օգնելու Ռուսաստանի արտաքին քաղաքական գիծը, բացի այդ Սիրիան Մերձավոր արևելքում համարվում է ոչ գլոբալ իմաստով Ռուսաստանի հենակետերից մեկը: Իրենք Լիբիայի դեպքում էլ էին դեմ միջազգային միջամտությանը: ՀԻմա էլ միշտ բերում են Լիբիայի օրինակը, որ եթե միջազգային միջամտություն լինի, առավելևս եթե ՆԱՏՕ-ի զորքերը մտնեն Սիրիա, կարող է դա իր հետ բերել ոչ շահեկան հետևանքներ: Նրանք գտնում են, որ իշխանության և ընդդիմության միջև երկխոսությունը դեռևս սպառված չէ»:










































