Ալիեւյան քարոզչության դրոշակակիր լրատվամիջոցն անդրադարձել է անցած շաբաթ Իրանի խորհրդարանում արտաքին գործերի նախարար Աբդոլահիանի հայտարարությանը, որ Մեծամորի ատոմակայանից Արաքսի ջրերի ռադիոակտիվ նյութերով աղտոտումը «լիովին բացառվում է»: Աբդոլահիանը վկայակոչել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տեխնիական եւ վիզոուալ դիտարկման հաշվետվությունները: «Իրանը վերստին ապահովագրում է Հայաստանին» – այս խորագրի տակ է հրապարակվել հոդվածը, որի հեղինակն Իրանի արտգործնախարարին մեղադրում է խորհրդարանին «ապակողմնորոշելու» մեջ, հատուկ ընդգծում, որ Արաքսի «ողտոտումից տուժում են հիմնականում էթնիկ ադրբեջանցիները» եւ թունավոր հարցադրում անում. «Մի՞թե իրանցի պաշտոնյաների օրգանական հակաադրբեջանականությունը գերիշխում է առողջ բանականությանը»:
Մեծամորի ատոմակայանի եւ Արաքսի «աղտոտվածության» մասին Իրանի արտգործնախարարն, ինչպես ասվեց, խոսել է գրեթե մեկ շաբաթ առաջ: Դեկտեմբերի 27-ին նա Երեւանում էր, իսկ նախօրեին հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ: Արաքսի «ռադիոակտիվ ողտոտվածության» մասին հարց նրան ուղղել է Իրանի Արդեբիլի շրջանը ներկայացնող պատգամավոր Վալի Իսմայիլը, որ, հավանաբար, էթնիկ ադրբեջանցի կամ, ինչպես Բաքվում են ասում՝ ազերի թուրք է: Հայ-ադրբեջանական բանակցություններին Իրանի գործուն ներգրավվածության համապատկերին այդ հարցադրումն ինքնին ենթատեքստային-խարդավանքային չէ՞:
Ալիեւը փորձում է Ռուսաստան-Իրան ռազմավարական – աշխարհաքաղաքական նշանակության հաղորդակցության տրանզիտ ապահովելու համաձայնությունից հետքա՞յլ անել: Դեկտեմբերի 6-ին նա ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղար Օ՛Բրայանին եւ, ինչպես ադրբեջանցի փորձագետներից մեկն է ասել՝ «ցրել կասկածները, որ Ադրբեջանը դեմ է տարածաշրջանում Միացյալ Նահանգների էներգետիկ ծրագրերին»: Ի՞նչ ծրագրերի մասին է խոսքը: ԱՄՆ-ը նույնպես պաշտպանու՞մ է Մեծամորի ատոմակայանը փակելու գաղափարը, թե Ադրբեջանը համաձայն է «նոր նախագծերին» ՝ պայմանով, որ Վաշինգտոնը նույնպես պահանջի ՀԱԷԿ-ի փակու՞մը: Տարեվերջին մամուլը գրեց, որ ՀԱԷԿ-ի շահագործումը մինչեւ 2036 թվականը երկարաձգելու եւ արդիականացման հայ-ռուսական «համաձայնագիր է ստորագրվել»:
Բայց ինչու՞ իրանցի պաշտոնյաների «օրգնական հակաադրբեջանականության» թեզը, որ Բաքվի զինանոցում չափազանց ակտուալ էր քառասունչորսօրյա պատերազմին նախորդած շրջանում, վերստին օրակարգ է բերվում: Ընդ որում՝ Քերմանի պայթյունների հաջորդ օրը: Այդ ահաբեկչությունը, անկախ ամեն ինչից, լիովին «մերկացրեց» Իրանի ներքին խոցելիությունը: Գրեթե ակնհայտ է, որ Թեհրանը պատասխան գործողությունների չի դիմի. մեծ է Իսրայելի եւ, մանավանդ, Միացյալ Նահանգների հետ ուղղակի բախման եւ դրանից ենթադրվող հետեւանքների սպառնալիքը:
Իսկ դա նշանակում է Իրանի տարածաշրջանային ազդեցության շատ որոշակի սահմանափակում: Բաքվում, կարծես, սպասում էին Քերմանի պայթյուններին, Թեհրանի խոցելիության բացահայտմանը: Ալիեւը կվերադառնա՞ Արեւմուտքի ճամբար, որտեղից, կարծես, միայն ցույց էր տալիս, թե հեռացել կամ հեռանում է: Բայց նա մեծ խաղի մեջ է մտել Ռուսաստանի հետ: Արցախի պետականության ոչնչացումը եւ հայաթափումը չափազանց բարձր գին ունի, որպեսզի Մոսկվան աչք չփակի Բաքվի հնարավոր խարդախամտության հանդեպ:
Տարեսկզբից Ալիեւը կտրուկ կոշտացրել է Հայաստանի դեմ հռետորաբանությունը: Դա վտանգավոր է ավելի լայն կտրվածքում, քան սովորաբար դիտարկվում է: Դեկտեմբերի 31-ի ելույթում նա ահաբեկչական պատերազմի սիմվոլ «երկաթե բռունքը» հասցեագրել է «ամբողջ աշխարհի ադրբեջանցիների միասնականությանը»: Տարածաշրջանում էթնիկ ադրբեջանցիների խնդիր առաջին հերթին Իրանն ունի՝ որպես երկրի մասնատման սպառնալիք: Գազայի պատերազմը ցրեց Իսրայելի գերհզորության կերպարը: Քերմանի պայթյունները բացահայտեցին Իրանի առաջին հերթին ներքին թուլությունը: Կա՞ Մերձավոր Արեւելք-Հարավային Կովկաս հիպերռեգիոնում թուրքական նոր պետություն կամ Մեծ Ադրբեջան ստեղծելու աշխարհաքաղաքական նախագիծ:










































