Սոցցանցերում վերահսկողություն իրականացնելը խոսքի սահմանափակմանն է ուղղված: Այսօր «Առաջին լրատվականի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` խոսելով ԱՊՀ երկրների դատախազների` սոցցանցերը վերահսկելու որոշման շուրջ:
Զ. Փոստանջյանի փաստմամբ` ՀՀ դատախազությունը ունի լծակ` Քրեական օրենսգիրքը, որի համապատասխան հոդվածով սոցցանցերում խտրականություն տարածելու համար կարող է քրեական գործ հարուցել: «ՀՀ Քրեական օրենսգրքով դա արգելված արարք է, և դրա համար համապատասխան միջոցներ կարելի է ձեռնարկել, սակայն ես կարծում եմ, որ իրենց մտահոգությունը բնավ էլ այդ չէ, որ խտրականության խնդիրները վերահսկեն: Իրենց մտահոգությունը այլ հարցերի է միտված՝ սոցցանցերում ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակմանը»,- ասաց Զ. Փոստանջյանը` հավելելով, որ այս պահի դրությամբ գործող ամբողջ օրենսդրությունը և այն միջազգային նորմերը, որոնց մենք նաև մասնակից ենք, բավարար են, որպեսզի իրավապահ մարմինները հնարավորինս կանխեն հանցագործությունները կամ ընդհանրապես այն հանցագործությունները, որոնք կարող են այդ սոցցանցերով տարածվել, այսինքն` մենք բավարար օրենսդրական դաշտ ունենք: Նրա կարծիքով` ԱՊՀ դատախազների այս մտահոգությունը միտված է խոսքի ազատության սահմանափակմանը:
«Ես՝ որպես Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցող, պետք է ասեմ, որ նմանատիպ պետությունները հենց այս կերպ են փորձում սահմանափակել խոսքի ազատությունը, որովհետև սա ժամանակակից աշխարհում բավականին արդյունավետ միջոց է կարծիքն արտահայտելու և տարածելու համար: Իհարկե, կան նաև սահմանափակումներ, որոնք չպետք է չարաշահվեն»,- մեկնաբանեց պատգամավորն`ընդգծելով, որ մեր մոտ սահմանափակումները չարաշահվում են:
Անդրադառնալով ՀՀ դատախազության աշխատանքին` պատգամավորն ասաց, որ ՀՀ դատախազությունը գործում է բավականին հետամնաց մեթոդներով` դեռ ստալինյան, իսկ ժամանակակից աշխարհը այդ մեթոդներն անտեսում է: «ՀՀ-ում նրանք միայն կարող են արգելափակել կայքերի աշխատանքը, ինչպես տեղի ունեցավ 2008 թվականի մարտի 1-ից հետո, երբ արտակարգ դրություն հայտարարվեց: Հիմա Ազգային ժողովում youtube կայքն արգելափակված է, այսինքն՝ արհեստականորեն փակված»,- իր խոսքն ամփոփեց Զ. Փոստանջյանը:






































