Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Սուլեյմանովը սոցիալական X ցանցում գրառում է կատարել Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հաջիեւի եւ Միացյալ թագավորության վարչապետի գլխավոր խորհրդական Թիմ Բարոունի հանդիպման մասին: Ըստ այդմ, նրանք քննարկել են երկկողմ հոյակապ հարաբերությունները, տարածաշրջանային հարցերի լայն սպեկտր, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առաջընթացը, ինչպես նաեւ Ադրբեջանում COP29-ի անցկացումը:
Դեկտեմբերի 8-ին Լոնդոն է այցելել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ նույնպես հանդիպում ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Թիմ Բարոունի հետ: Այդ մասին տարածված տեղեկատվությունը սուղ էր, ընդգծվում էր, որ Արմեն Գրիգորյանը Թիմ Բարոունին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը, կարեւորել հայ-բրիտանական ռազմավարական երկխոսության մեկնարկը:
Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ հանդիպումից տասը օր անց Մեծ Բրիտանիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականն ընդունել է Ադրբեջանի նախագահի արտքային քաղաքական հարցերով օգնականին, հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ հայ-ադրբեջանական կարգավորումը: Սա ինքնին նշանակալի է, եթե նկատի ունենանք, որ մինչ այդ էլ Հայաստան եւ Ադրբեջան էր այցելել Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոկերտին:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Ալիեւի օգնական Հաջիեւը նախկինում մի քանի հանդիպում են ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր քարտուղար Ջեկ Սալիվանի հետ, Վաշինգտոնում նրանք նաեւ բանակցություններ են վարել եռակողմ ձեւաչափով: Նոյեմբերին, ինչպես հայտնի է, Բաքուն վերջին պահին մերժեց պետքարտուղար Բլինքենի հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Մեծ Բրիտանիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի բանակցությունները նախ Հայաստանի ԱԽ քարտուղարի, ապա Ադրբեջանի նախագահի օգնականի հետ կարելի՞ է համարել հայ-ադրբեջանական կարգավորման բանակցություններին Լոնդոնի միջնորդության ազդակ: Վերջերս հայտնի է դարձել, բրիտանական խորհրդարանը կառավարությանը հորդորել է ակտիվացնել կապերը Կենտրոնական Ասիայի երկրների հետ: Մամուլը տեղեկացվել է, որ եկող տարվա ընթացքում ծրագրվում է Լոնդոնում կազմակերպել Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ Կենտրոնական Ասիայի հինգ երկրների առաջնորդների գագաթնաժողով:
Կենտրոնական Ասիայի հետ Եվրամիության կամ Մեծ Բրիտանիայի ցանկացած հաղորդակցություն անցնում է կամ պետք է անցնի Կովկասով: Մեծ Բրիտանիա-Կենտրոնական Ասիայի հավանական գագաթնաժողովի մասին արեւմտյան մամուլի հրապարակումներից մեկը միանշանակորեն կանխատեսում է, որ Անգլիան վերադառնում է Ասիա: Կասպյան ացազանից էներգակիրների տարանցման գլխավոր օպերատորը BP-ն է: Այս իմաստով Բաքվի նկատմամբ Լոնդոնի ազդեցությունը մեծ է: Իշխող ընտանիքը զգալի կապեր ունի բրիտանական բիզնես վերնախավի հետ:
Միջազգայնագետները կանխատեում են բրիտանական արտաքին քաղաքականության աշխուժացում: Դրանով է բացատրվում նախկին վարչապետ Քեմերոնի արտգործնախարարի պաշտոնում նշանակումը: Տպավորություն կա, որ մինչեւ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ավարտը եւ նոր վարչակազմի ձեւավորումը Մեծ Բրիտանիան է առաջնորդելու այսպես կոչված անգլո-սաքսոնական աշխարհի շահերը: Լոնդոնը փորձում է օաժնադակել, որ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կայանա՞, թե՞ ինքն է միջնորդություն ստանձնում:








































