Առաջիկայում կրկին թանկացումներ են սպասվում: Վերջին շրջանում դոլարի արժևորումը անխուսափելիորեն կազդի լայն սպառման ապրանքների գների վրա: Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ ներմուծման ծավալներն ավելի շատ են, երկրում սպառվող ապրանքների մեծ մասը ներմուծվում է, և ներմուծվում է փոխարժեքով, ու, բնականաբար, ներմուծողները շահագրգռված պետք է լինեն, որ ներմուծման արժևորման պարագայում բարձրացնեն նաև գները:
«Առայժմ չի նկատվում այդ գործընթացը, բայց շատ մոտ հեռանկարում՝ 15-20 օրում, դա կարտահայտվի, գները կբարձրանան, ընդ որում՝ հիմնականում պարենային զամբյուղի մեջ մտնող ապրանքատեսակների մասով»,- ասաց Մ. Արիստակեսյանը՝ հիշեցնելով, որ առանց այդ էլ նախորդ եռամսյակի համեմատ սննդամթերքի, հատկապես մսամթերքի, որոշ տեսակի կաթնամթերքի, շաքարավազի գները արդեն բարձրացել են. «Առանց միջազգային շուկաներում որևէ գնային փոփոխությունների՝ մեր երկրում թանկացումն արդեն զգացել ենք: Դա սպասումն էր դոլարի արժևորման կամ քաղաքական իրավիճակի փոփոխության, բայց դոլարի արժևորման պարագայում այդ սպասումները սպառնում են մեզ, և ժողովուրդը պետք է էլի գոտիները ձգի ու սպասի նոր թանկացումների: Մենաշնորհատեր ներմուծողները չեն հագենում աղքատ ժողովրդին կեղեքելուց»:
Ըստ փորձագիտական գնահատականների՝ դոլարի 10% արժևորման պարագայում գնաճը կազմում է շուրջ 10%:
Նշենք, որ վերլուծաբանների կանխատեսմամբ՝ դոլարի փոխարժեքը կարող է մոտենալ 380 դրամի մակարդակին: Անցած շաբաթ բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմել է 375 դրամ:











































