Իրաքում գտնվող օբյեկտներին ԱՄՆ զինված ուժերի հասցրած հարվածների հետևանքով 4 զինյալ է զոհվել, 2-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է իրաքյան Shafaq News պարբերականը՝ վկայակոչելով անվտանգության ուժերում իր աղբյուրին։
Ըստ հրապարակման՝ ամերիկյան անօդաչու թռչող սարքը Բաբել նահանգում հարվածել է իրաքյան շիա աշխարհազորայինների օբյեկտներին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրաքում երկու օբյեկտների՝ ի պատասխան ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի դեմ կատարված հարձակումների, որոնցից մեկն իրականացվել է նոյեմբերի 21-ին, բալիստիկ հրթիռով։
«Իրաքի իսլամական դիմադրություն» խմբավորումը, Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շարժումը և Եմենի հութիները Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև շարունակվող հակամարտության ընթացքում տասնյակ հարվածներ են հասցրել ամերիկյան և կոալիցիոն ուժերին։










































