Հորդանան գետի արևմտյան ափին նոյեմբերի 9-ի իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի։ Նրանցից 14-ը զոհվել է Ջենինի փախստականների ճամբարի վրա գրոհի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Al Jazeera պարբերականը՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալները։
Ավելի քան 20 մարդ վիրավորվել է, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։ Բժիշկները նշում են, որ զոհերի թիվը, հավանաբար, կաճի:
Պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը նշում է, որ Իսրայելի բանակի ստորաբաժանումները հարձակման ընթացքում օգտագործել են անօդաչու թռչող սարքեր և ծանր ռազմական բուլդոզերներ, իսկ դիպուկահարները փախստականների ճամբարը գնդակոծել են հարևան շենքերի տանիքներից։ Ըստ հրապարակման՝ իսրայելցի զինվորականները գնդակոծել են Ջենինի հիվանդանոցը, գնդակոծության տակ են հայտնվել նաև բժիշկներն ու շտապօգնության ավտոմեքենաները:










































