Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը, ըստ էության, հաստատվել է, և արդեն կարելի է ասել, որ Ջոն Հեֆերնը փոխարինում է Մարի Յովանովիչին: Դեսպանի թեկնածությունը միաձայն հաստատել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: Այդպիսով, ԱՄՆ արագորեն լուծեց Հայաստանում դեսպանի խնդիրը, ընդ որում՝ լուծեց բավական հետաքրքիր մոտեցմամբ: Բանն այն է, որ Ջոն Հեֆերնը Հայաստան է գալիս այսպես ասած Բրյուսելից: Իհարկե՝ ոչ ուղղակի իմաստով: Պարզապես Ջոն Հեֆերնը ՆԱՏՕ-ում ամերիկյան առաքելության ղեկավարի պաշտոնից է տեղափոխվում Երևան: Այդ հանգամանքը վկայում է, որ ԱՄՆ-ը Հայաստանում ըստ էության կոշտ դիվանագիտական աշխատանք է ենթադրում, երբ ռազմա-քաղաքական բլոկի դիվանագետին տեղափոխում է մեր երկիր: Եվ այդ միտումը միանգամայն հասկանալի է դառնում մեկ այլ միտման պարագայում, որ արձանագրում ենք վերջին շրջանում՝ ի դեմս ՀԱՊԿ-ի` հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակտիվացման:
Ռազմաքաղաքական այդ բլոկը վերջին շրջանում Ռուսաստանի ջանքերով փորձում է ակտվորեն մշակել մեխանիզմներ, որոնք ՀԱՊԿ անդամ երկրների ներքին գործերին միջամտելու համար իրավաբանական հնարավորություն կտան: Այժմ Ռուսաստանը ՀԱՊԿ-ում ակտիվ որոնումների մեջ է, և արդեն իսկ հայտարարվել է, որ վերահսկվելու են ՀԱՊԿ երկրների, այդ թվում՝ նաև Հայաստանի սոցցանցերը: Այդպիսով ակնհայտ է դառնում, որ առաջանալու է կոշտ դիվանագիտական հակադրության անհրաժեշտություն, ինչին էլ պատրաստվում են Միացյալ Նահանգները:
Կասկած չկա նաև, որ այդ դիվանագիտական պայքարը թեժանալու է Հայաստանում ընտրական գործընթացների ժամանակահատվածում, և Ռուսաստանն անկասկած փորձելու է այդ գործընթացները ծառայեցնել իր այն նկրտումներին, որ ներկայումս փորձում է իրավաբանորեն ամրագրել ՀԱՊԿ շրջանակներում: Դա նշանակում է, որ ԱՄՆ-ին նույնպես, Ռուսաստանի ձգտումները զսպելու համար, հարկ է լինելու ակտիվորեն ներգրավվել Հայաստանի ընտրական գործընթացներում: Երևի թե հենց այդ պատճառով էլ, ի տարբերություն 2007/08 թվականների նախընտրական գործընթացների, երբ ԱՄՆ Հայաստանում ներկայացված չէր դեսպանի մակարդակով, Միացյալ Նահանգներն այս անգամ լուծեց դեսպանի հարցն ու ընտրական գործընթացներին ներկայացված կլինի դիվանագիտական այդ ամենաբարձր շեմով: Այլ կերպ ասած՝ Հայաստանի դեսպանի հարցի համեմատաբար արագ լուծումը վկայում է առաջիկայում մեր երկրում ռուս-ամերիկյան դիվանագիտական թեժ մրցակցության մասին: Սկզբունքորեն իհարկե վատ չէ, երբ գերտերությունները մրցակցում են որևէ երկրում, և այդ մրցակցությունը ոչ թե ռազմական բախման, այլ դիվանագիտական հակադրության բնույթ է կրում: Այստեղ պարզապես կարևոր է դառնում այն, թե որքանով է տեղի քաղաքական դաշտը համարժեք լինելու այդ մրցակցությանը:








































