Ի՞նչ եզրակացության կարելի է գալ այն պնդումներից, որ Ստեփանակերտում իշխանափոխությունը Նիկոլ Փաշինյանն է կազմակերպել, որպեսզի Ալիևը հարձակվելու առիթ ունենա, իսկ դա իր հերթին Արցախից վերջնականապես հրաժարվելու հարցում Փաշինյանի ալիբին դառնա: Այնպես է հասկացվում, որ Արցախի ԱԺ 22 պատգամավորները, որ համաձայնել են քվեարկել Սամվել Շահրամանյանի օգտին, իսկ առանց դրա իշխանափոխություն չէր ստացվի,- հրահանգավորված էին Նիկոլ Փաշինյանից, միակ ոչ փաշինյանական խմբակցությունը Միասնական հայրենիքն էր, որ այդ քվեարկությունը բոյկոտել է: Բայց այդ դեպքում ինչու՞ նույն մարդիկ թիրախավորում են Արցախի իշխանափոխությանը չմասնակցած քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Բաբայանին՝ որպես Փաշինյանի ոչ նույնիսկ համախոհի, այլ՝ «կամակատարի»:
Տրամաբանությունը ո՞րն է: Փաշինյանը Բաբայանին ապահովագրե՞լ է, չորս կուսակցության առաջնորդի, երեք նախկին նախագահի, ՀՅԴ Բյուրոյին փուռը տվե՞լ: Կներեք, բայց եթե այդպես է, պիտի ընդունել, որ նրանք քաղաքականության հետ հեռավոր առնչություն իսկ չեն ունեցել երբեք: Բայց քանի որ իրականում այդպես չէ, մնում է եզրակացնել, որ ինչպես Ստեփանակերտում անցած ավելի քան կես տարում, այնպես էլ այսօր Սամվել Բաբայանը ինչ-որ մեկի «կոշտուկը» շատ ցավոտ տրորում է կամ կարող է տրորել: Ուստի «մի ուրվական է շրջում» Երևանում, որի դեմ պայքարի են ելել հին Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը: Մնացել է, որ եկեղեցին էլ բանադրի եւ պատկերն ամբողջական կլինի:
Հ.Գ. 1989-ին Մոսկվա էր մեկնել ԽՍՀՄ ժողպատգամավորների ղարաբաղյան պատվիրակությունը: Մի քանի օր անց մարզով մեկ խոսակցություն տարածվեց, որ Վահան Գաբիրելյանը, ներողություն, Կրեմլի համագումարների պալատի զուգարանի լվացարանում գաղտնի հանդիպում է ունեցել Ադրբեջանի կոմունիստ առաջնորդ Վեզիրովի հետ: Պատկերացնու՞մ եք, մարդ ցանկություն ունենա մեկի հետ հանդիպելու եւ Մոսկվա մեգապոլիսում այլ տեղ չգտնի, քան՝ զուգարանը:
Սոցիալական ցանցերում մի լուսանկար է տարածվել: Սամվել Բաբայանն է՝ Անդրանիկ Քոչարյանի և Գուրգեն Արսենյանի հետ: Մեկնաբանում են, թե Բաբայանը պլան Ա-ն (Արցախի հանձնումը) «իրականացրել է» և հիմա քննարկում է պլան Բ-ն: Այսինքն, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը, պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Քոչարյանը «դավադրության ծրագիր» մշակելու այլ տեղ և ձև չեն գտնում, երրորդ մարդու հետ ոտքի վրա՞ են քննարկումներ անում:
Վահան Գաբրիելյանին պետք էր «դավաճան»հանել: Շատ ուժեղ և կամային մրցակից էր: Նույն ձեռագիրն է գործում Սամվել Բաբայանի դեմ:






































