Անցած շաբաթն ավարտվեց չափազանց հետաքրքիր մի իրադարձությամբ` հրաժարական տվեց նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, ինչը իրարանցում է առաջացրել «Հանրապետական» կուսակցության շարքերում, քանզի շատ հնարավոր է, որ Կարեն Կարապետյանի հրաժարականին կհաջորդեն այլ հրաժարականներ ևս:
«Առաջին լրատվականի» հարցին՝ ինչքանո՞վ է հավանական ներիշխանական փոփոխությունների շարունակականությունը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը պատասխանեց. «Չի բացառվում: Ճիշտ է, ես չգիտեմ, թե ինչ է լինելու առաջիկայում, պարզապես բնական է, որ յուրաքանչյուր փոփոխություն շարունակական լինի»:
Հարցին, թե նման փոփոխություններն ի՞նչ են նշանակում՝ քաղտեխնոլոգը պատասխանեց, որ սա իշխանության այն գործելաոճն է, որի շնորհիվ տեղի է ունենում իշխանական համակարգի թարմացումը. «Կարծում եմ՝ այս գործընթացի ավարտը լինելու է խորհրդարանական ընտրությունները, երբ պարզ դառնա ՀՀԿ ցուցակը, ինչն ավելի ակնհայտորեն կբացահայտի, թե ինչ էր նշանակում այս ամենը»:
Կարեն Քոչարյանը նկատեց, որ նման գործընթացներ տեղի են ունենում բոլոր քաղաքական կառույցներում, և միայն իշխանությունը չէ, որ գնում է նման փոփոխությունների. «Բոլորն էլ թարմ արյուն են ուզում, որովհետև թարմ արյուն է ուզում հասարակությունը, վերջինս արդեն հոգնել է 20 տարի նույն դեմքերը տեսնելուց»:
Քոչարյանը նկատեց, որ նման փոփոխությունները օբյեկտիվ բնույթ ունեն ու թեև հրաժարականն ու նշանակումը սուբյեկտիվ երևույթներ են, սակայն փոփոխությունների պահանջը օբյեկտիվ է:










































